
Հայ մասոնության պատմությունը երկար ժամանակ հայ պատմագրության լուսանցքում էր։ Թեման կար, անունները կային, առանձին հիշատակություններ ու պատառիկներ կային, բայց ամբողջական պատմություն չկար։ Այդ բացը լրացնելու հավակնությամբ, երկու ստվար հատոր է լույս ընծայվել՝ շուրջ 1600 էջ ընդգրկող «Հայ մասոնություն․ օթյակներ եւ մարդիկ» աշխատությունը․ հեղինակ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյան։
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան համալսարանում աշխատության ներկայացումը հերթական գրքի շնորհանդես չէր։ Նույն օրը համալսարանի գիտխորհուրդը մտավորական, մատենագետ, հրատարակիչ եւ բարերար Հովսեփ Նալբանդյանին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում։ Այս երկու իրադարձության միատեղումը պատահական չէր։ Մի կողմում գիտնականն էր, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է չուսումնասիրված նյութը, մյուս կողմում՝ մարդը, որի աջակցությամբ այդ աշխատանքը վերածվել է գրքի եւ հասանելի դարձել ընթերցողին։
Ի՞նչն է այս երկհատորյակը դարձնում կարեւոր։ Ոչ միայն այն, որ այստեղ շատ անուններ, օթյակներ, թվականներ ու փաստեր են հավաքված։ Էականն այն է, որ հայ պատմագրության մեջ երկար ժամանակ կարծրատիպերով շրջապատված մի թեմա է ներկայացվել՝ օթյակների գործունեությունից մինչեւ դրանցում ներգրավված մարդկանց կյանքը, գաղափարները, ազգային, հասարակական եւ մշակութային գործունեությունը։ Ֆելիքս Մովսիսյանն իր գիտական ճանապարհին մասոնության ուսումնասիրությամբ վաղուց է սկսել զբաղվել։ Անցյալում նա անդրադարձել է իրանահայ պետական գործիչ, հայտնի դիվանագետ Միրզա Մալքոմ խանի մասոնական գործունեությանը, Կ. Պոլսի, Զմյուռնիայի հայկական օթյակներին, Միքայել Նալբանդյանի մասոնական պատկանելությանը, արեւմտահայերի ազգային սահմանադրական շարժմանը պոլսահայ մասոնների մասնակցությանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Յ. Ս. Ղամբարյանի մասոնական գործունեությանը եւ այլ թեմաների։ Այսինքն՝ այսօր սեղանին դրված երկու հատորը տարիներով հավաքված գիտական աշխատանքի հերթական, խոշոր հանգրվանն են։
Մովսիսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը միայն մասոնությամբ չի սահմանափակվում։ Նրա աշխատությունները վերաբերում են XIX-XX դարերի հայ հասարակական մտքին, ազգային-ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերություններին, Մխիթարյաններին, Արցախյան շարժմանը եւ այլ պատմական խնդիրների։ Սակայն մասոնության թեման աստիճանաբար ընդլայնվել, դարձել է կարեւոր ուղղություն։ Դրան նախորդել էր «Մասոնները եւ ամերիկյան հեղափոխությունը» երկհատոր ուսումնասիրությունը՝ 1300 էջ ծավալով, 2023-ին լույս էր տեսել «Մասոնությունը՝ հայոց մեջ» 688 էջանոց աշխատությունը։ Մասոնության մասին կարելի է խոսել տարբեր ձեւերով` կարելի է այն դարձնել խորհրդավոր պատմությունների, ենթադրությունների ու կիսաճշմարտությունների նյութ, բայց նաեւ ուսումնասիրել որպես պատմական երեւույթ՝ փաստաթղթերով, մամուլով, արխիվային նյութերով, տարբեր լեզուներով աղբյուրներից, կոնկրետ մարդկանց կենսագրություններով։ Մովսիսյանի ընտրած ճանապարհը երկրորդն է։ Եվ դրանում է այս աշխատանքի իրական դժվարությունը։ Հայկական օթյակների եւ դրանց անդամների մասին տեղեկությունները միշտ չէ, որ ամբողջական են պահպանվել։ Շատ դեպքերում մնացել են միայն առանձին հիշատակություններ, մամուլի հրապարակումներ, տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում պահպանված նյութեր։ Այդ կցկտուր տեղեկություններից ամբողջական պատմություն կազմելը սովորական մատենագիտական աշխատանք չէ։ Հեղինակը ստիպված է եղել փնտրել արխիվներում, ժամանակի մամուլում, տարբեր լեզուներով աղբյուրներում եւ այդ ամենը համադրել իրար հետ։
Վանաձորի համալսարանում Մովսիսյանի գրքի շնորհանդեսի ժամանակ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը, պատմագիտության թեկնածուներ, դոցենտներ Աշոտ Մելիքյանը եւ Յուրա Ղուլյանը մենագրությունը գնահատեցին որպես «իսկական հանրագիտարան»՝ ընդգծելով դրա գիտական եւ կրթական նշանակությունը։ Գրականագետ Վալերի Փիլոյանը, օթյակների պատմության կարեւորությունը ներկայացնելով, նշեց, որ հեղինակը ներկայացրել է մեծ թվով հայ ազատ որմնադիր գրողների, հրապարակախոսների, խմբագիրների, բժիշկների, գիտության, արվեստի եւ մշակույթի բազմաթիվ գործիչների մասոնական գործունեությունն ու ճակատագրերը։
Օթյակները պատմություն չեն ստեղծում, մարդիկ են ստեղծում
Եթե գրքում միայն կազմակերպությունների, տարեթվերի ու անունների ցանկ լիներ, այն կմնար մասնագիտական նեղ շրջանակի ուսումնասիրության առարկա։ Բայց երբ հայտնվում են կենսագրություններ, գաղափարներ, ընտրություններ, հարաբերություններ, հասարակական ու մշակութային գործունեություն, թեման սկսում է հետաքրքրել նաեւ սովորական ընթերցողին։ Այդ պատճառով էլ գիրքն ունի մի քանի հասցեատեր` պատմաբանները, հետազոտողները, ուսանողները եւ նրանք, որոնց կհետաքրքրի այս քիչ ուսումնասիրված թեման։
Իսկ ինչո՞ւ է այս թեման երկար մնացել լուսանցքում։ Պատճառը մեկը չէ։ Խորհրդային շրջանում մասոնության թեման չէր կարող ազատ գիտական ուսումնասիրության ոլորտ դառնալ։ Հետագայում էլ այն չմտավ հայ պատմագրության շրջանառության մեջ։ Արդյունքում հասարակական պատկերացումների մեջ հաճախ գիտական ուսումնասիրության տեղը զբաղեցրին կա՛մ հատվածական տեղեկությունները, կա՛մ չափազանցված, կարծրատիպային պատկերացումները։ Նրա աշխատանքի ամենակարեւոր ծառայությունը դա է՝ թեման խորհրդավորության տարածքից տեղափոխել փաստագրության տարածք։ 1600 էջի հետեւում տարիների աշխատանք է, աղբյուրների որոնում, համադրում, ստուգում եւ համակարգում։ Նման գրքերը գրվում են ոչ միայն այսօրվա ընթերցողի, այլեւ ժամանակի համար, երբ որեւէ հետազոտող տարիներ անց կբացի այն եւ կփորձի ստանալ իր հարցերի պատասխանը։ Ժամանակն է որոշում, թե որ աշխատությունն է օրվա իրադարձություն, իսկ որը՝ աղբյուր հաջորդ սերունդների համար։ Ֆելիքս Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է մասոնության թեմային եւ ամեն հաջորդ ուսումնասիրությունում ընդլայնել է նախորդի սահմանները։ Այդ հետեւողականությունը թույլ է տալիս խոսել գիտական մասնագիտացման մասին։
Ավելին՝ Մովսիսյանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաեւ Հայաստանում վերջին շուրջ քառորդ դարում գործող «Հայոց գերագույն օթյակին» եւ դրա անդամներին։ Այս գործում առանձնահատուկ տեղ ունի նաեւ Հովսեփ Նալբանդյանը։ Նրա անունն այս պատմության մեջ պարզապես որպես հովանավոր հիշատակելը, կարծում եմ, նվազեցնում է նրա իրական դերակատարումը։ Նալբանդյանը տարիներ շարունակ զբաղվում է ոչ միայն գրքերի ֆինանսավորմամբ, այլեւ դրանց հրատարակչական, մատենագիտական եւ մշակութային շրջանառությամբ։ Նրա նախաձեռնած «Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեան» մատենաշարը գործում է 2005-ից, հրատարակվել են բազմաթիվ հայկական ուսումնասիրություններ ու գիտական աշխատություններ։ Աղբյուրներում նշվում է, որ այդ մատենաշարով հրատարակվել են Վանաձորի համալսարանի տասնյակ գիտնականների գործեր։ Նալբանդյանի գործունեության մեջ առանձնահատուկն այն է, որ նա գրքի մարդ է՝ հեղինակ, կազմող, խմբագիր, մատենագետ, հրատարակիչ։ Նրա աշխատությունների շարքում կան հանրագիտարաններ, բառարաններ, մատենագիտական ժողովածուներ, հայագիտությանը, գրականությանը, պատմությանը եւ մշակույթին վերաբերող ուսումնասիրություններ։ Նրա գործունեությունը տասնամյակներով կապված է նաեւ սփյուռքի կրթական ու մշակութային կյանքի հետ։ Այդ պատճառով Մովսիսյան-Նալբանդյան համագործակցությունն ավելի շուտ կարելի է անվանել գիտական աշխատանքի եւ մշակութային հովանավորության արդյունավետ միություն` մեկն ուսումնասիրում է, մյուսն այնպես է անում, որ այդ ուսումնասիրությունը չմնա սեղանի վրա։
Ֆելիքս Մովսիսյանի երկու հատորները, կարծում եմ, կգնան իրենց բնական ճանապարհով։ Դրանք կկարդան, կքննարկեն, կքննադատեն, կօգտագործեն հաջորդ ուսումնասիրություններում։ Գիտական գիրքը հենց դրանով է կենդանի։