Կառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը


Հայաստան


Դպրոցների կառուցման, նորոգման և բարեկարգման պետական ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով շուրջ 1.3 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել՝ կատարելով վերաբաշխում ԿԳՄՍ նախարարության 2026 թ․ բյուջեում։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Գումարն ուղղվելու է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավում (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման աշխատանքների շարունակականությանը՝ ավելացնելով պետության համաֆինանսավորման չափը։

Ծրագրով նախատեսված 46 դպրոցից 29-ի շինարարությունն արդեն ավարտվել է,  ևս 17 դպրոցում աշխատանքներն ակտիվ փուլում են. ավարտը նախատեսվում է 2026-2027 թվականներին։

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը» նպատակ ունի ապահովելու սեյսմիկ անվտանգության տեսանկյունից առավել խոցելի դպրոցների վերակառուցումն ու նոր շենքերի կառուցումը։

Կառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը և համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված՝ առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման նպատակին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *