Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հրազդանում գործող Firebird AI-ի տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելու համար։
Նա նաև պնդել է, որ ընկերության՝ ԱՄՆ օրենսդրության ենթակայությունը կարող է ամերիկյան կողմին հասանելիություն տալ կենտրոնում մշակվող տվյալներին։
«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական գործակալությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», – հայտարարել է Շևցովը։
Շևցովը նաև մտահոգություն է հայտնել կենտրոնի նախատեսվող ընդլայնման և էլեկտրաէներգիայի սպառման վերաբերյալ։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով։
«Հաշվի առնելով աճող կարիքները, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը, Հայաստանը ռիսկի է դիմում բախվելու էլեկտրաէներգիայի լուրջ պակասի, որն անխուսափելիորեն կազդի սովորական քաղաքացիների վրա», – հայտարարել է Շևցովը։
Firebird-ը հայտարարել է, որ մինչև 2027 թվականի վերջ նախատեսում է Հրազդանի կենտրոնի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի։ Կենտրոնը պաշտոնապես բացվել է օգոստոսին և ներկայում գործում է NVIDIA-ի տեխնոլոգիաներով։