Լոնդոնի «Տոտենհեմի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին՝ դառնալով կազմակերպության գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյի առաջին մրցակիցը:
«Իմ նպատակը պարզ է՝ ծառայել ֆուտբոլին և այն մարդկանց, ովքեր կյանք են հաղորդում այս խաղին: Ես առաջադրվում եմ, որպեսզի միավորեմ համաշխարհային ֆուտբոլային ընտանիքը, իրականացնեմ իրական ու երկարաժամկետ բարեփոխումներ, արդիականացնեմ ՖԻՖԱ-ն 21-րդ դարի պահանջներին համապատասխան, վերականգնեմ կազմակերպության կայունությունն ու վստահությունը, ինչպես նաև վերադարձնեմ այն հավատը, որի կարիքը մեր խաղը շատ ունի»,- Վեգայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ով է առաջադրել Վեգայի թեկնածությունը:
Ավելի վաղ նրա հայրենի Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակայնորեն չեղարկել էր իր աջակցությունը Ինֆանտինոյին առաջիկա ընտրություններում:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի մարտի 18-ին Մարոկկոյում կայանալիք ՖԻՖԱ-ի Կոնգրեսի ընթացքում: