Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին․ գրում է «Հետք»-ը։
Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և Գուրգեն Արսենյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը, կիրառել դրա անվավերության հետևանքները, և գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։
Նշենք, որ «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Ընկերության հիմնադիրը այժմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն է: Ընկերությունը ժամանակավոր չի աշխատում: «Արսօյլ»-ը հայ-կիպրական համատեղ ձեռնարկություն է, որը զբաղվել է ծխախոտի արտադրանքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով:
Դատախազությունից «Հետքին» հայտնում են, որ հայցը ներկայացվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում։
Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 2-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, և գույքի նկատմամբ կիրառել հայցի ապահովման միջոց։ Արգելվել է կատարել որևէ գործողություն, որը կարող է փոխել գույքի փաստացի կամ իրավական վիճակը, այդ թվում՝ այն օտարել կամ գրավադրել։
Դատարանի այս որոշումը չի նշանակում, որ աճուրդն արդեն անվավեր է ճանաչվել։ Դատախազության պահանջների վերաբերյալ վերջնական դատական ակտը կկայացվի գործի քննության արդյունքում։