Բագրատաշենի անցակետում հարյուրավոր բեռնատարների հայ վարորդներ օրերով սպասում են Հայաստան մուտք գործելուն

Արդեն տևական ժամանակ է՝ մի քանի հարյուր բեռնատարներ չեն կարողանում Բագրատաշենի անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Բեռնատարների մեծ մասը կանգնած է վրացական կողմի ավտոկայանատեղիում, մի մասն էլ՝ հարակից տարածքներում։

Ստեղծված իրավիճակը լուրջ անհարմարություններ է պատճառում բեռնատարների վարորդներին, որոնք, երկար ճանապարհներ անցնելուց հետո, ստիպված են լինում ժամերով ու օրերով սպասել՝ շարունակելու իրենց երթուղին։ Վարորդների խոսքով՝ նման ուշացումների պատճառները հստակ չեն ներկայացվում, ինչն էլ ավելի է մեծացնում նրանց դժգոհությունը։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներից մեկն ասել է․

«Հազարավոր կիլոմետրեր անցնում ենք, գնում-գալիս, բայց հետո կանգնում ենք նման իրավիճակի առաջ։ Վրացական բեռնատարներն արագ մտնում են մեր երկիր, հետո դուրս գալիս, իսկ մենք օրերով այստեղ կանգնած ենք։ Ասում են՝ հայկական կողմը դանդաղ է աշխատում, բայց մեկ է՝ չենք հասկանում՝ որն է պատճառը»։

Վարորդները հույս ունեն, որ խնդիրը հնարավորինս արագ կկարգավորվի, և իրենք կկարողանան առանց նման երկարատև սպասումների մուտք գործել Հայաստան ու շարունակել իրենց աշխատանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *