
Սպորտային մարմնամարզության ԱՄՆ կանանց հավաքականի նախկին մարզիչ և ԽՍՀՄ հավաքականի անդամ Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ամերիկյան օլիմպիական և պարալիմպիկ սպորտի համակարգում գործելու իրավունքից՝ բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Անվտանգ սպորտի ամերիկյան կենտրոնը (SafeSport)։
Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 7-ին։ Կազմակերպության կարգապահական բազայում որպես պատժամիջոցի հիմք նշված են ֆիզիկական և էմոցիոնալ բռնությունը, սեռական ոտնձգությունները և սեռական բնույթի խախտումները։ Հակոբյանը ներառվել է նաև USA Gymnastics-ի կայքում հրապարակված կազմակերպությանն անդամակցելու իրավունքից զրկված անձանց ցուցակում։
The Washington Post-ի հետաքննության մեջ, որը հրապարակվել էր 2024 թվականի հուլիսին, տասը նախկին մարմնամարզուհիներ հայտարարել էին, որ Հակոբյանը ֆիզիկական բռնություն է կիրառել իրենց կամ այլ սաների նկատմամբ, երբ նրանք երեխա են եղել։ Ինը պատմել են, որ մարզիչը զայրույթի պահին պատանի մարզուհիներին գետնին է շպրտել, երբեմն այնպիսի ուժով, որ կապտուկներ են մնացել։
Նշենք, որ Հակոբյանը հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում և աշխարհի եռակի չեմպիոն է՝ 1979 և 1981 թվականներին թիմային առաջնությունում, ինչպես նաև 1983 թվականին՝ հենացատկում։