Միջազգային քրեական դատարանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները էսկալացիայի նոր փուլ են. Նիդեռլանդների ԱԳ նախարար

Նիդեռլանդները Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցները համարում են էսկալացիայի նոր փուլ, սակայն հույս ունեն, որ դրանց ուժի մեջ մտնելու վեցամսյա հետաձգումը հնարավորություն կտա բանակցություններ վարել։

Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։

«Միջազգային քրեական դատարանի դեմ հայտարարված պատժամիջոցները անցանկալի և էսկալացիայի նոր փուլ են։ Ես խորապես ափսոսում եմ այս նոր քայլի համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք դատարանին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ Բերենդսենն ընդգծել է, որ սահմանափակումներն անմիջապես ուժի մեջ չեն մտնի, ինչը թույլ կտա ծառայություններ մատուցողներին առայժմ շարունակել համագործակցությունը ՄՔԴ-ի հետ։

«Պատժամիջոցների ուժի մեջ մտնելուն մնացած վեց ամիսը նաև երկխոսության հնարավորություն է ընձեռում։ Ես ողջունում եմ այդ հնարավորությունը և մտադիր եմ այն լրջորեն քննարկել դատարանի մյուս անդամ պետությունների հետ»,- նշել է նախարարը։

Իր հերթին ՄՔԴ-ի մամուլի ծառայությունը դատարանում հավատարմագրված լրագրողներին հայտնել է, որ վճռականորեն մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցները և դրանք աննախադեպ քայլ է համարում։ Դատարանի գնահատմամբ՝ պատժամիջոցները նպատակ ունեն «խաթարել դատարանի աշխատանքը և ահաբեկել նրանց, ովքեր աշխատում կամ համագործակցում են դրա հետ»։

Միևնույն ժամանակ դատարանն ընդգծել է, որ մտադիր է լիարժեքորեն շարունակել իր աշխատանքը՝ չնայած սահմանափակումներին։

ՄՔԴ-ն նաև կոչ է արել Հռոմի կանոնադրության անդամ պետություններին շարունակել կոնկրետ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ դատարանին ապահովել աշխատանքի համար անհրաժեշտ միջոցներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *