Արևելյան Եվրոպայում, Բալկանյան տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում նախկինում տեղի ունեցած կամ շարունակվող զինված հակամարտությունների հետ կապ ունեցող մեծ քանակությամբ ապօրինի զենք է առգրավվել Ինտերպոլի համակարգմամբ իրականացված գործողության ընթացքում, հաղորդում է Euronews–ը։
Հունիսի 22-ից հուլիսի 5-ը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հրազենի ապօրինի շրջանառության դեմ ուղղված՝ Ինտերպոլի համակարգմամբ իրականացված «Trigger X» գործողության շրջանակում առգրավվել է «2 823 միավոր հրաձգային զենք և թեթև սպառազինություն, գրեթե 400 նռնակ և պայթուցիկ նյութ, ինչպես նաև ավելի քան 40 000 փամփուշտ», ասվում է Ինտերպոլի մամուլի հաղորդագրության մեջ։
Հրազենի ապօրինի պահման կամ շրջանառության, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միգրանտների անօրինական տեղափոխման և կողոպուտի կատարման կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 152 մարդ։
Գործողությանը մասնակից իրավապահ մարմինները ձերբակալել են Ինտերպոլի կողմից հետախուզվող 15 անձի, այդ թվում՝ միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող («Կարմիր ծանուցում» ունեցող) փախուստի դիմած հինգ անձի։
Գործողության ներկայիս արդյունքները ցույց են տալիս, որ առգրավված անօրինական զենքի զգալի մասը ծագում է նախկին կամ ներկա զինված հակամարտության գոտիներից, այդ թվում՝ Բալկաններից, Արևելյան Եվրոպայից և Լեռնային Ղարաբաղից։ Բացի այդ, բազմաթիվ խորհրդային շրջանի հրազեն առգրավվել կամ կամավոր հանձնվել է Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում։ Հետաքննությունը շարունակվում է։