Զելենսկին «վայելում է ժողովրդի աջակցությունը»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Թրամփին

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Ուկրաինայի համար «եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը»։

Համապատասխան գրառումը հրապարակվել է Ուկրաինայի նախարարի՝ X սոցիալական ցանցի էջում։

Սիբիգան նշել է, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «վայելում է ժողովրդի աջակցությունը»։

«Վոլոդիմիր Զելենսկին՝ անկախության, ազատության և արժանապատվության համար մղվող պատերազմի պայմաններում, առաջնորդում է մեր ազգը։ Նա վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և նրանք՝ երկրի քաղաքացիները, իրավունք ունեն որոշում կայացնելու։ Արտերկրից հնչող հայտարարությունները միայն հաստատում են, որ նա լավ է կատարում իր աշխատանքը», – ընդգծել է արտգործնախարարը։

Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի նախագահն «արժանի է աջակցության»։

Ավելի վաղ Թրամփը, Սպիտակ տան մոտ զրուցելով լրագրողների հետ, կարծիք էր հայտնել, որ Ուկրաինան պետք է նոր նախագահ ընտրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *