
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Բելառուսում մեկնարկում են «Անխորտակելի եղբայրություն-2026» և «Պատնեշ-2026» զորավարժությունները, որոնց մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները, բացառությամբ՝ Հայաստանի։
Զորավարժությունները կտևեն հոկտեմբերի 12-ից 16-ը։
Կազմակերպության կայքը հայտնում է, որ «զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ զորքերի (համատեղ ուժեր) զորախմբեր Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից և Տաջիկստանի Հանրապետությունից»։
Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1500 զինծառայող և ավելի քան 300 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ մոտ 80 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։
ՀԱՊԿ կայքում նշված է, որ զորավարժությունների ընթացքում «կքննարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման», ինչպես նաև «կենսաբանական սպառնալիքների աղբյուրների վերացման» հարցերը։