Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Տավուշի թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել թեմական ժողով՝ քահանայից դասի և թեմական կառույցների (ծխական խորհուրդ, թեմական խորհուրդ) անդամների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Տավուշի թեմից։
«Ժողովը բացվեց Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի կողմից՝ աղոթքով և օրհնության խոսքով։ Ժողովում քննարկվեցին թեմական կյանքին և Մայր Եկեղեցուն առնչվող հարցեր․ ա) հովվական կյանքին առնչվող հարցեր, բ) թեմական կառույցներում կրթությանը վերաբերող հարցեր, գ) ծիսական հարցեր, դ) Առաջնորդանիստ Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու վերանորոգմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ ե) ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմված զեկույցին առնչվող հարցեր։ Օրակարգի վերջին հարցի շուրջ ժողովականները հատուկ անդրադարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների անօրինական և անընդունելի արշավին և այդ նույն շրջանակներում Ազգային Ժողովում նախաձեռնված գործընթացներին։ Ժողովականները այս ամենի համատեքստում հանդես եկան հայտարարությամբ։
Հայտարարություն
Մեր անհամաձայնությունն ենք հայտնում ՀՀ Ազգային Ժողովի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսպես կոչված ճգնաժամի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։ Նման գործընթացների կատարմամբ պետությունը փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Նմանատիպ գործելաոճը ոչ միայն անօրինական է, այլև, ցավով արձանագրենք, հակապետական բնույթի որոշակի գայթակղություն է առաջացնում մեր հավատավոր զավակների շրջանակներում, ինչին էլ փաստացի առնչվում ենք մեր հովվության տարածքներում։
Ինչ վերաբերում է հրապարակված զեկույցում հիշատակվող Հաղարծին վանական համալիրում գտնվող վանատանը, որը դեռևս 2015թ.-ին կառուցվել է Շարժայի կառավարիչ բին Մոհամմեդ Ալ-Քասիմիի միջոցներով, ապա այն, հնարավոր է, դատապարտվի նույն ճակատագրին՝ ծառայելով իբրև հերթական հյուրանոց, որի հետ առնչություն չունի որևէ եկեղեցական, քանի որ պետական կառույցները (ստեղծված իրավիճակով պայմանավորված) օրենքի սահմաններում չեն ցուցաբերում պատշաճ իրավաչափ մոտեցում, որպեսզի այն վերադարձվի Տավուշի թեմին և ծառայի իբրև միաբանական շենք և կրթօջախ։ Նմանատիպ բռնազավթումներ կան նաև նույն Հաղարծին վանքի տնտեսական կառույցներում, որոնք գտնվում են վանքապատկան տարածքում, սակայն օգտագործվում են այլ անձանց կողմից։ Նույնպիսի օրինակ է նաև Բերքաբեր գյուղի քահանայի համար կառուցված տունը։
Այսպիսով՝
1. Փաստում ենք, որ Տավուշի թեմից ներս գտնվող եկեղեցապատկան կառույցները լիովին բարեկարգ վիճակում օգտագործվում են իբրև կրթօջախներ մանուկների ու երիտասարդների համար (ք. Իջևան՝ «Արևիկ», գ. Գետահովիտ՝ «Լույսեր», գ. Սևքար՝ «Ավետիս», ք. Նոյեմբերյան՝ «Նարեկ» սոցիալ-կրթական կենտրոններ)։
2. Հաստատում ենք նաև, որ Տավուշի թեմի քահանայից դասը և սարկավագները ստանում են ծառայության վճար և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ունեն առողջապահության ապահովագրության քարտ, որոշ քահանաներ էլ ապրում են մեր ունեցած եկեղեցապատկան բնակարաններում։ Սակայն նույնիսկ այդ ամենը չունենալու դեպքում հոգևորականի կոչում և առաքելություն ստանձնած հայ հոգևոր սպասավորը չի կարող գայթակղվել իշխանությունների կողմից խոստացվելիք որևէ արտոնությամբ, բարձր աշխատավարձով և այլնով։
3. Աներկբայորեն վերահաստատում ենք՝ հավատարիմ մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և մեր Հավատքի Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ելնելով ստեղծված անընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն ջանասիրությամբ, նվիրումով, արդարության և արդարասիրության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Ավետարանի ճշմարտությանը և Եկեղեցու սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատավոր ժողովրդի։
Թող Տիրոջն ուղղված աղոթքները միասնության և ոչ թե բաժանման ոգի դնեն մեր սիրելի և տառապյալ ժողովրդի սրտում։ «Կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով, ջանացեք պահել ոգու միությունը խաղաղության կապով» (Եփես. 4, 2-3)», – նշված է տարածված հայտարարության մեջ։