Երևանում երկսենյականոց բնակարանի ամսական վարձավճարն այժմ 800–900 եվրո է, ինչը նախորդ տարվա օգոստոսի համեմատ բարձր է 23,5%-ով։ Մինչդեռ Թբիլիսիում վարձավճարները կայունացել են՝ 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո գրանցված 60–70% կտրուկ աճից հետո։ Հայաստանում անշարժ գույքի գործարքների ընդհանուր ծավալում օտարերկրացիների մասնակցությամբ գործարքների 72%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիներին․ գրում է Euronews-ը։
Ամռան ընթացքում Հայաստանում և Վրաստանում վարձակալության գները նախորդ տարվա համեմատ աճել են 20-30%-ով, քանի որ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով՝ զորահավաքի նոր ալիքից մտահոգ ՌԴ քաղաքացիները բնակարաններ էին փնտրում նախկին խորհրդային հանրապետություններում, որտեղ կարող են մնալ առանց վիզայի։ Վրաստանը մնում է ամենահասանելի ուղղությունը. Ռուսաստանի քաղաքացիներն այնտեղ կարող են մնալ մինչև 360 օր՝ առանց վիզայի, և հաշվարկը զրոյացնել՝ հարևան երկիր կարճատև այց կատարելով։
Թբիլիսիում ստանդարտ բնակարանների ամսական վարձավճարները սկսվում են 450–730 եվրոյից՝ հասնելով 910–2700 եվրոյի կամ ավելիի՝ ավելի մեծ կամ բարձրակարգ բնակարանների դեպքում։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում միջին անվանական աշխատավարձը կազմում է մոտ 2165 լարի (կամ մոտավորապես 750 եվրո)։
Պահանջարկն առավել սուր է Հայաստանում, որտեղ ռուսներն, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող և զորահավաքից խուսափել ցանկացող հայերը, հիմնականում կենտրոնանում են Երևանում։
Մայրաքաղաքում երկսենյականոց բնակարանի ամսական վարձավճարը ներկայումս կազմում է 800–900 եվրո։ Ռուսաստանի քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի և տարեկան մնալ մինչև 180 օր։
Հայաստանի կադաստրի կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին Երևանի բազմաբնակարան շենքերում բնակարանների միջին գները հուլիսի համեմատ աճել են 2,9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 23,5%-ով։ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված անշարժ գույքի գործարքների ընդհանուր ծավալում ռուսների մասնաբաժինը կազմում է շուրջ 72%։
Հայաստանում միջին անվանական ամսական աշխատավարձը կազմում է 320 763 դրամ (790 եվրո), ընդ որում՝ ՏՏ, ֆինանսական և հանքարդյունաբերության ոլորտներում վարձատրությունը զգալիորեն ավելի բարձր է։