Երևանի ավագանին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։
Նախագծով սահմանվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական դրույքաչափերը։
Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին հարցը քննարկել որպես զեկուցվող, սակայն քվեարկության արդյունքում նախագիծը մնաց չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նախագիծն ընդունվեց 36 կողմ, 17 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա 760 հազար դրամով՝ 1 միլիոն 320 հազար դրամից հասնելով 2 միլիոն դրամի։