«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։
—
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում։
«ՔՊ-ն պիտի ամեն գնով առաջատար լինի, հակառակ պարագայում առաջին հերթին մարզպետներն են պատասխան տալու՝ մենակ պաշտոնանկությանը երանի եք տալու»,-ասում են՝ այսպիսի կոնտեքստում է եղել Փաշինյանի հրահանգը»:
—
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի թվի աճը, որն արդեն ահագնացող չափերի է հասնում, ըստ թերթի զինվորական աղբյուրի, հետեւանքն է նաեւ այն բանի, որ իշխանության թեթեւ ձեռամբ բանակից վտարվեցին Մայր Աթոռի նշանակած գնդերեցները, եւ որոշվեց հոգեւոր ծառայության ստորաբաժանումը վերակազմավորել, իսկ հոգեբանները բավականին քիչ են բանակում եւ աշխատում են ըստ կարիքի։
Փաստն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ բանակում գնդերեցներ չկան, զորքի հետ, ըստ թերթի աղբյուրի, բարոյահոգեբանական, հոգեւոր զրույցներ չեն վարվում, ու նաեւ այս փաստով են պայմանավորված բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները, սպանությունները եւ դժբախտ պատահարները։
—