Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խորտակված նավից տասնմեկ նավաստի անհետ կորել է, փրկվել է անձնակազմի հինգ անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բուլղարիայի պաշտոնյաների հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածների է ենթարկվել երկու բեռնատար նավ, որոնցից մեկը խորտակվել է։
Բուլղարիան ուղղակիորեն չի մեղադրել Ռուսաստանին հարձակումներն իրականացնելու համար, սակայն վարչապետ Ռումեն Ռադևը նշել է, որ դրանց հետևանքը «ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը»։ «Սա բացարձակապես անընդունելի է. հերթական հարձակումը՝ բուլղարական տարածքային ջրերին անմիջապես հարող հատվածում», – հեռուստաուղերձում հայտարարել է Ռադևը։
Բուլղարական լրատվամիջոցները նշել են, որ նավերից մեկը «Azov Concord» բեռնանավն է։
Ըստ տեղեկությունների՝ գիշերվա ընթացքում երեք անօդաչու թռչող սարքի կողմից հարվածի է ենթարկվել նաև մեկ այլ նավ՝ Մալթայի դրոշի ներքո նավարկող «Chelsea 3»-ը։ Նավի անձնակազմի բոլոր անդամները՝ յոթ ուկրաինացի և ութ ադրբեջանցի, փրկվել են, և ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել միջադեպերը։
Հարձակումները դատապարտել են Ուկրաինան և Եվրամիությունը։ «Սև ծովը դարձել է Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմի սրման ևս մեկ ճակատ», – X սոցիալական ցանցում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X-ում գրառման մեջ նշել է, որ այդ հարվածը «կրկին ցույց է տալիս, որ Մոսկվան կանխամտածված կերպով անտեսում է քաղաքացիական անձանց կյանքերը»։