Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են գիշերային զանգվածային հարձակումների և ավերածությունների մասին


Աշխարհ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ավելի քան 600 խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Ըստ գերատեսչության հայտարարության՝ երկուշաբթի ժամը 20:00-ից մինչև երեքշաբթի 8:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի 15 տարածաշրջանների և Ազովի ծովի ջրատարածքի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 604 ԱԹՍ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը առավոտյան հայտարարել է, որ ժամը 20:30-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի ուղղությամբ թռչելիս խոցվել է 65 անօդաչու։

Ստավրոպոլի երկրամասի իշխանությունները հայտնել են ուկրաինական զանգվածային հարձակման մասին։ Շրջանի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի փոխանցմամբ՝ Նևիննոմիսկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ների ընկած բեկորներից վնասներ են արձանագրվել։ Ըստ օպերատիվ տվյալների՝ տուժածներ չկան։

Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ մարզի երկնքում երեկոյան և գիշերվա ընթացքում խոցվել է 73 ԱԹՍ։ Հարձակման հետևանքով Մոսալսկի օկրուգում վնասվել են դպրոցի շենքը, երկու մասնավոր տուն և մեկ ավտոմեքենա։

Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ Ռուսաստանը երեքշաբթիին նախորդող գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա հինգ «Իսկանդեր-Մ»/Ս-400 բալիստիկ հրթիռով, «Բանդերոլ»/«Դան-Տ» տեսակի ինը փոքրածավալ հրթիռով և 108 անօդաչու թռչող սարքով։

Խարկովին հասցված հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, փլուզվել է չորս հարկանի բնակելի շենքի մեկ մուտք։ Վերջին տվյալներով՝ ևս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Կիևի Դարնիցկի շրջանում ԱԹՍ-ի բեկորները վնասել են երկհարկանի մասնավոր բնակելի տուն, ինչի հետևանքով, ըստ քաղաքային ռազմական վարչակազմի, տուժել է մեկ կին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ երեկոյան հայտնել էր բազմահարկ շենքին հարվածելու և երկու զոհի մասին։

Դնեպրում առավոտյան հարվածների հետևանքով վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, բազմահարկ շենքեր և ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, վիրավորվել է 64-ամյա մի տղամարդ։

Լվովում տեղական իշխանությունները հայտնել են նաև քաղաքի վրա ռեակտիվ դրոնների միջոցով իրականացված հարձակման մասին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *