«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի դրամաշնորհով «Հայաստանի կրթական նախաձեռնություն»- ը հնարավորություն կունենա «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում։ Դրանք ընտրվել են ԿԳՄՍ նախարարության կողմից որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։
«Սերունդը» Հայաստանի կրթական համակարգում դասավանդման և ուսումնառության արդյունքների բարելավմանն ուղղված առանցքային ծրագիր է։ Համագործակցության մեկնարկը պաշտոնապես տրվել է ՀԿՆ գրասենյակում ստորագրման արարողությամբ։
«Կրթությունը երկրի ապագայի մեջ կատարվող կարևորագույն ներդրումներից է։ ՀԿՆ-ին և «Սերունդ» ծրագրին մեր աջակցությամբ մենք նպաստում ենք կրթական որակյալ միջավայրի հասանելիության ընդլայնմանը և Հայաստանի դպրոցների ու համայնքների կարողությունների ամրապնդմանը», – նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։
«Մենք շնորհակալ ենք ԱՆՀՀ-ին գործընկերության և կրթության մեջ փոփոխություններ կատարելու մեր ներուժի հանդեպ վստահության համար։ Այս աջակցությունը մեզ կտա «Սերունդ» ծրագրի ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն՝ այն հասանելի դարձնելով ավելի շատ դպրոցների և համայնքների, աջակցելով ուսուցիչներին, աշակերտներին և ընտանիքներին։ Դրամաշնորհը կօգնի հանուն երեխաների իրականացվող մեր աշխատանքին՝ ուղղված ավելի լավ արդյունքների ու երկարաժամկետ փոփոխությունների ապահովմանը», – նշել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
ԱՆՀՀ-ն և ՀԿՆ-ն կշարունակեն համագործակցել կրթական հնարավորությունների ընդլայնման, տեղական առաջնորդության զարգացման և Հայաստանի երկարաժամկետ առաջընթացին նպաստող նախաձեռնությունների շուրջ։
Ընդլայնելով ազդեցությունը Հայաստանի ամբողջ տարածքում
2025 թվականի սեպտեմբերի դրությամբ «Սերունդ» ծրագիրն ընդգրկել է ավելի քան 1,600 աշակերտի, 190 ուսուցչի, 16 դպրոցների տնօրենների և ավելի քան 3,000 ծնողի՝ ձևավորելով Հայաստանի 5 մարզերում գործող դպրոցների և մանկապարտեզների ցանց։
ԱՆՀՀ աջակցությամբ ծրագիրն այժմ կընդլայնվի՝ ներառելով նոր դպրոցներ և ներդնելով դպրոցների զարգացման արդյունավետ ու ապացուցված մեթոդներ կրթական աջակցության առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի ընդլայնումը կնպաստի դասավանդման որակի, աշակերտների ներգրավվածության և դպրոցների ղեկավարության կարողությունների ամրապնդմանը Հայաստանի հանրակրթական համակարգում։