Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մարտիրոս Կ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածում հատող կին հետիոտնի. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Լիտվին Գևորգյանի և վաշտի հրամանատար Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։