«Դոպինգ Սփեյս» ընկերությունը դեռևս չի վերադարձրել Ջենիֆեր Լոպեսի համերգից խնայված գումարները։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
««Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն վճարումներ չի կատարել, 2026 թվականի սեպտեմբերի 25-ին համապատասխան գրությամբ ևս մեկ անգամ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին տեղեկացվել է սահմանված ժամանակահատվածում վճարումերը կատարելու կամ վճարումների համար ժամանակացույց ներկայացնելու վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել»,- հայտնում են գերատեսչությունից։
Միաժամանակ, տեղեկացնում են՝ եթե ընկերությունը պահանջվող տեղեկատվությունը չներկայացնի և վճարում չկատարի, նախարարության կողմից կիրականացվի «համապատասխան հետագա գործընթաց»՝ չպարզաբանելով, թե ինչպիսին է լինելու այդ գործընթացը։
Մենք նաև նախարարությունից հետաքրքրվել էինք, թե նախարարության և «Դոպինգ Սփեյս» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայնագրից ինչու է հանվել բանկային երաշխիքի գումարին վերաբերող դրույթը։ ԿԳՄՍՆ-ից նշում են, թե համաձայնագիրը կնքվել է 2025 թվականի հուլիսի 31-ին, իսկ Ջենիֆեր Լոպեսի համերգը պետք է անցկացվեր օգոստոսի 3-ին՝ համաձայնագրի կնքումից ընդամենը երկու օր անց։
«Հետևաբար, այդ փուլում բանկային երաշխիքի ներկայացման կամ դրա կիրառման անհրաժեշտությունն այլևս առկա չէր»,- հայտնում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն ընկերությունից պաշտոնապես պահանջում է հետ վերադարձնել ավելի քան 500 միլիոն դրամ (մոտ 1.4 միլիոն դոլար)։ Այս գումարը գոյացել է 2025 թվականի օգոստոսի 3-ին Երևանում կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգի բյուջեի մնացորդից, ուշացած հաշվետվությունների տուգանքներից և պայմանագրային այլ պարտավորություններից։