Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել մինչև նոր բանագնացների նշանակումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնաց նշանակելու հարցին՝ Միրզոյանը նշել է, որ գործընթացն արդեն բավականաչափ հասունացել է, և հնարավոր է՝ սահմանը բացվի ավելի շուտ, քան կողմերը կհամաձայնեցնեն նոր բանագնացների թեկնածությունները։

Նրա խոսքով՝ կարգավորման վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանի լիարժեք բացումն է։ Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցությունները շարունակվում են։

ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցությունների մանրամասները, որպես կանոն, հրապարակվում են միայն վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։

Միրզոյանը հայտնել է նաև, որ Հայաստանում նախատեսվում է անցկացնել հայ-թուրքական գործարար համաժողով, որը կարող է ավելի ընդլայնված լինել, քան նախորդը։ Նա հույս է հայտնել, որ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և հայ գործարարները կկարողանան անցնել Թուրքիայի տարածք։

Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ չնայած ձեռք բերված որոշ պայմանավորվածություններին և գործնական արդյունքներին՝ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորումը դեռ ավարտված չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *