Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը, կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր, կամ եթե կուզեք, իմ առաջիկա ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց ես նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել, և կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը, հասնել այդ խնդրի լուծմանը»,-ասել է Փաշինյանն ու հավելել․ «Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ մենք այս խնդիրը մինչև 2031 թվականը լուծենք»։
Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը կա, հակառակ դեպքում նա «չէր բարձրաձայնի»։ Վարչապետի խոսքով՝ առաջիկայում պետք է կենտրոնացած լինեն այս օրակարգի վրա։
«Սրանով, իմ կարծիքով, Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մի շատ էական շրջափուլ կփոխվի և ընդհակառակը նոր շրջափուլ կբացվի իր նոր օրակարգերով, նոր տրամաբանությամբ»,-նշել է վարչապետը։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը՝ Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։