Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Միրզոյանը վերահաստատել է, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիակատար կարգավորումն ու սահմանների ամբողջական բացումն է։
«Անկեղծ ասած՝ հարցն այն է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետև չի բացառվում, որ սահմանի բացումը տեղի ունենա ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածությունները կհամաձայնեցվեն։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ վերջնական և ամբողջական արդյունքի հնարավոր է հասնել ցանկացած պահի։ Հայաստանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցություններն ընթանում են անընդհատ»,- ընդգծել է ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, որ բանակցային գործընթացի մանրամասները, որպես կանոն, ամբողջությամբ հանրայնացման ենթակա չեն, քանի դեռ չկան վերջնական պայմանավորվածություններ, և Հայաստան-Թուրքիա երկխոսությունն այս առումով բացառություն չէ։
«Այժմ անհրաժեշտություն է առաջացել շարունակել քայլերը. նախատեսվում է անցկացնել հայ-թուրքական գործարար համաժողով՝ այս անգամ արդեն Հայաստանում, գուցե ավելի ընդլայնված կազմով։ Հույս ունեմ, որ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և դրանով կանցնեն հայ գործարարները։ Թեև կարգավորման գործընթացում արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ու գործնական արդյունքներ, ամբողջական հանգուցալուծումը դեռևս ավարտված չէ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։