Գագիկ Ծառուկյանի գործը քաղաքական պատվեր է, նա պետք է տուժող լիներ, ոչ թե՝ մեղադրյալ. Մեսրոպ Մանուկյան

Գագիկ Ծառուկյանի գործը քաղաքական պատվեր է, իսկ ԲՀԿ առաջնորդը պետք է տուժողի կարգավիճակ ունենար, ոչ թե մեղադրյալի աթոռին հայտնվեր։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանից մի քանի միլիոն են հափշտակել, սակայն դրա համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է հենց Ծառուկյանը։

«Փոխանակ Իրանի քաղաքացին պատժվի, դրա փոխարեն Գագիկ Ծառուկյանն է մեղադրյալի աթոռին։ Սա քաղաքական պատվեր էր, որովհետև գործող իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի»,– ասել է Մանուկյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ եթե գործը քննվեր բացառապես իրավական հարթությունում, ԲՀԿ առաջնորդն այսօր ազատության մեջ կլիներ։

Մանուկյանը նաև կասկած է հայտնել դատարանի անկախության վերաբերյալ՝ պնդելով, որ վճիռը կարող է պայմանավորված լինել վերադասների ցուցումներով։ Նա հիշեցրել է, որ գործը նախագահող դատավորը նաև Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով դատավորն էր, որը կալանավորել էր զոհված զինծառայողի ծնողին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *