Ռուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. Լավրով

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից «Թրամփի ուղի» տրանսպորտային նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել, սակայն կողմերը տեղյակ են Մոսկվայի պատրաստակամության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Առայժմ մենք այս նախագծին մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չենք ստացել։ Սակայն բոլոր հետաքրքրված կողմերը գիտեն մեր պատրաստակամության և հնարավորությունների մասին»,-նշել է Լավրովը։

ՌԴ արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Մոսկվան բազմիցս ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին՝ հիշեցնելով, որ հայկական երկաթուղային ցանցը գործում է Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման ներքո։  

Նրա խոսքով՝ ռուսական կողմին տարածաշրջանի երկաթուղային ենթակառուցվածքները լավ ծանոթ են, իսկ դրանց տեխնոլոգիական սպասարկումն իրականացվում է ռուսական մասնագետների կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *