«Գազպրոմն» ավարտել է գազապահեստարանների նախապատրաստումը 2026 թվականի ձմեռային սեզոնին։ Հաշվի առնելով Բելառուսում և Հայաստանում գտնվող ստորգետնյա պահեստարանները՝ ընկերության գազի օպերատիվ պահուստը կկազմի 74,543 միլիարդ խորանարդ մետր։ Սրան զուգահեռ՝ ռուսաստանյան պահեստարաններում պաշարների թիրախային ծավալը հասել է ռեկորդային 73,296 միլիարդ խորանարդ մետրի, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Ռուսաստանի ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծվել է գազի օպերատիվ պաշարի պատմական ռեկորդային ծավալ՝ 73,296 միլիարդ խորանարդ մետր։ Հաշվի առնելով Բելառուսում և Հայաստանում «Գազպրոմի» ստորգետնյա գազապահեստարանները՝ գազի օպերատիվ պաշարը կկազմի 74,543 միլիարդ խորանարդ մետր։
Գազի զգալի պաշարը և պահեստարանների տեխնոլոգիական բարձր մակարդակը թույլ են տալիս «Գազպրոմին» պահանջարկի կտրուկ տատանումների դեպքում օպերատիվորեն ավելացնել գազի մատակարարումները։ Սա ընկերության՝ սպառողների առջև ստանձնած պարտավորությունների հուսալի կատարման երաշխիքն է», – ընդգծել են ընկերությունում։