Եվրամիությունը կսառեցնի իր ընդլայնման քաղաքականությունը․ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը RTVI-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Երևանի և Բրյուսելի հարաբերությունների հեռանկարը։
Ըստ Քոչարյանի՝ «ոչ ոք դեմ չէ Եվրամիության հետ համագործակցությանը»։
«Ի դեպ, իմ օրոք Եվրամիության հետ առևտուրը մոտավորապես նույնն էր, ինչ Ռուսաստանի հետ առևտուրը։ Բայց մենք երբեք չենք ասել, որ քաղաքականապես շարժվում ենք դեպի Եվրամիություն», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նախկին նախագահի՝ «դա անիրատեսական է»։
«Երկրորդ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ Եվրամիությունը մտադիր չէ մտնել… Ես պարզապես համոզված եմ, որ Եվրամիությունն ընդհանրապես կսառեցնի իր ընդլայնման քաղաքականությունը։ Այնտեղ շատ լուրջ ճգնաժամ կա. նրանք պետք է պարզեն իրենց ինքնությունը, թե ինչ են ուզում և ուր են գնում», – ասել է Քոչարյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը կդիմի ԵՄ-ին անդամակցության՝ դաշինքին միանալու բոլոր պայմանները կատարելուց և ԵՄ-ից այն ընդունելու պատրաստակամության հաստատում ստանալուց հետո։ Նա հավելել է, որ վերջին տարիներին Հայաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկել եվրոպական ինտեգրման ուղղությամբ։