Ես չեմ զարմանա, որ օր-օրի ինչ-որ բան տեղի ունենա, օրինակ` Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, սահմանի բացումը և այլն, այս բոլոր պրոցեսներն արդեն այնքան մոտ են, որ ուղղակի հիմա չեմ ուզում ինչ-որ բաներ ասել, բայց, կարծում եմ, դրական միտումը բոլոր ուղղություններով ակներև է․ այսօր COP17-ի համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Իսկ որքանո՞վ են խաղաղության օրակարգում տեղավորվում Իլհամ Ալիևի հայտարարությունները, երբ նա օտարերկրյա ղեկավարների ներկայությամբ Հայաստանին անվանում է «տեռորիստ», «ֆաշիստ», տարբեր մեղադրանքներ հնչեցնում․ հարց տրվեց ԱԽ քարտուղարին։ Վերջինս փորձեց արդարացնել՝ ասելով․ «Մեր Ազգային ժողովի ամբիոնից և մեր լրատվամիջոցներում էլ ոչ պակաս վատ արտահայտություններ ենք անում և ոչ պակաս բաներ ենք հնչեցնում»։
Այն նկատառմանը, որ մենք դա չենք անում վարչապետի մակարդակով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես բացի Հաջիևին ասելուց, հնարավորություն եմ ունեցել նաև նախագահ Ալիևին դա ասել, խնդրել եմ, ասել եմ՝ «Դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ Ձեր հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում, և երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»։ Նա լսեց, ուղղակի ասաց՝ լավ, բարի։ Դե չգիտեմ՝ հիմա ընդունեց, թե չընդունեց, ես համենայն դեպս այդ խոսակցությունն ունեցել եմ»։