Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարություններն ի սկզբանե ապօրինի են, իսկ երրորդ երկրները կարող են հայ գերիների հարցով միջազգային դատական գործընթացներ նախաձեռնել։ Այս մասին «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովում հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ միջազգային դատարանները հնարավորություն են տալիս կողմերին հավասար պայմաններում ներկայացնելու իրենց փաստարկներն ու ապացույցները և հակազդելու հակառակ կողմի տարածած թեզերին։
Կիրակոսյանն անդրադարձել է նաև տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի փոխհարաբերությանը՝ նշելով, որ ինքնորոշման ձգտումը քրեականացնելը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։