«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իր աշխատանքային այցի մանրամասները։
«Սիրելի հայրենակիցներ, եկել եմ ձեզ պատմելու իմ վերջին գործուղման մասին։ Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 10-ը գտնվում էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ կոնգրեսի կողմից իրականացվող և ֆինանսավորվող «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում այս անգամ «Օրենսդիր մարմինների գործունեությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» թեմայով ծրագիրն էր իրականացվում, որը հնարավորություն էր տալիս Ազգային ժողովի պատգամավորներին այցելել ԱՄՆ, տեսնել այնտեղ ինչպես է աշխատում համակարգը և ծանոթանալ ու փորձի փոխանակում իրականացնել:
Այս անգամ պատվիրակության կազմում նաև ես էի: Սկզբում այցելեցինք Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ ունեցանք սենատորների և կոնգրեսմենների աշխատակազմի ներկայացուցիչների հետ Ջո Վիլսոնի, Ադամ Շիֆի և Դիաննա Տուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կոնգրեսմենների աշխատակազմի մի շարք ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում հիմնական խոսվում էր հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, բայց ես, իհարկե, չէի կարող առիթը բաց թողնել ու չբարձրաձայնել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և անձանց մասին: Ավելի ուշ մեկնեցինք Նյու Հեմփշիր նահանգ, որտեղ արդեն ծանոթացանք, թե ինչպես է նահանգային կառավարումը իրականացվում, թե ինչպես են տեղային ինքնակառավարման մարմիններն աշխատում: Կուզենայի նաև մատնանշել շատ կարևոր ու առանձնահատուկ մի հանդիպում, որն ունեցանք Կոնգրեսի գրադարանի շրջանակներում։ Այնտեղ հանդիպեցինք մեր հայրենակից Խաչատուրին, ով վեց տարի շարունակ աշխատում է գրադարանում: Խաչատուրն էլ մեզ ցույց տվեց, թե ինչպիսի հայկական մատյաններ են պահվում Կոնգրեսի գրադարանում, որոնցից մեկը՝ Ավետարան, թվագրվում էր 1321 թվականով»,– պատմել է պատգամավորը: