«Հրապարակ»․ Ալիեւի շանտաժին ի պատասխան՝ պրոադրբեջանական «մուտիտ» է տարածում

Անկլավ-էքսկլավների շուրջ որեւէ պայմանավորվածություն այս պահին չկա՝ օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ սկսեց ներկայացնել անկլավ-էքսկլավների հետ կապված կոնկրետ դիրքորոշում ու անելիքներ: «Խոսքը, այո, Քյարքիի (ադրբեջանական անկլավների), այսինքն՝ այդ միավորների ու Արծվաշենի (հայկական անկլավի) մասին է»,- նշեց նա եւ հայտարարեց, որ անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ: «Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»:

Այս խոսքից ոմանք հասկացել էին, թե Տիգրանաշենը փոխանակվելու է Արծվաշենի հետ, ինչը չարյաց փոքրագույնը կարող է համարվել, սակայն հաջորդիվ նա փակագծեր բացեց եւ անկլավների «տեղաշարժման» տարբերակը նկարագրեց: «Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց` սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Բայց, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որն Ադրբեջանի տարածքն է։ Գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղը՝ իր տարածքով, տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով՝ բերվում մոտեցվում է նրան, որ իր եւ Հայաստանի արանքում տարածք չմնա»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ նույնն է լինելու նաեւ հակառակ կողմից։ Ասաց նաեւ. «Այդ սցենարները նորություն չեն, դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու` ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ո՞նց են գնալու-գալու, եւ այդպես շարունակ»: «Տեխնիկապես եւ իրավական առումով դա ինչ ձեւակերպում կստանա նման սցենարի դեպքում, օրինակ, հանրաքվե, թե ոչ, իրավաբանական վերլուծության հարց է: Նախ, պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, որպեսզի կարողանանք խնդրին իրավական առումով էլ, քաղաքական առումով էլ ճիշտ լուծում տանք»,- ընդգծել է նա:

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես այս ամենն անվանում եմ, կներեք տերմինիս համար, պրոադրբեջանական մուտիտ։ Այս հայտարարություններին զուգահեռ, երբեք չենք լսել, որ Բաքվի կողմից գեթ մեկ անգամ խոսեն Արծվաշենը մեզ վերադարձնելու, Ջերմուկի օկուպացված բարձունքներից դուրս գալու եւ այլ հնարավոր քայլերի մասին։ Փոխարենը միշտ լսում ենք ու փորձում մեկնաբանել Փաշինյանի հակասահմանադրական, հակաիրավական, հակատրամաբանական հայտարարությունները, որոնք արվում են հօգուտ Ադրբեջանի։ Սխեման պարզ է՝ Փաշինյանին պետք է պահել իշխանությունը, այդ իշխանության պահպանման երաշխիքը նա գտել է Բաքվում, Բաքվի իշխանություններն էլ փորձում են մաքսիմալ արդյունք քաղել այս ամենից։ Մինչ նման տեքստեր էին արտաբերվում Փաշինյանի կողմից, Ալիեւը Բաքվում հերթական հայատյաց ելույթն էր ունենում, որտեղ նա կիրառել է «մանկասպաններ», «հայկական ֆաշիզմ», «հայ ֆաշիստներ», «բարբարոսներ», «ռազմական հանցագործներ» եւ այլ ապամարդկայնացնող տերմիններ` հայ ժողովրդի մասին։ Ի՞նչ կապ ունեն խաղաղության հետ․․․ Իհարկե՝ ոչ մի։ Միեւնույն ժամանակ, Ալիեւի վերջին մի քանի ելույթներում կան հստակ շանտաժի բաղադրիչ ու սպառնալիք՝ ուղղված հենց Փաշինյանին։ Օրինակ, նա ասել է․ «Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց հանցակիցները, որոնք ռազմական հանցագործներ եւ մանկասպաններ են, դեռեւս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը 2018 թվականից շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը»։ Նման հայտարարություն նաեւ նախորդիվ էր արել։ Սա ակնհայտ շանտաժ է, Փաշինյանն էլ, դրան ի պատասխան, սկսում է մեր դաշտը պրոադրբեջանական մուտիտներով լցնել։ Այստեղ այլ մեկնաբանություն տալ դժվար է: Քչերն են նկատում, բայց այս ընտրություններից հետո Փաշինյանի պրոադրբեջանական օրակարգերը շատ խնդիրներ են ունենում, հանդիպում են հանրային լայն դիմադրության։ Դա վերաբերում է թե՛ Տիգրանաշենին, թե՛ Սահմանադրությանը, թե՛ հակաեկեղեցական օրակարգին։ Փաշինյանի իշխանության պահպանման աղբյուրը Բաքվում է, ուստի նա մշտապես փորձելու է հաճոյանալ Ալիեւին, բայց երբ այդ օրակարգերը սկսեն տապալվել, շատ բան կսկսի փոխվել թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիեւի համար։ Նաեւ նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանում նախագահի մակարդակով կրկին ակտիվացել է հայ ժողովրդին ուղղված ապամարդկայնացման՝ նույն դեհումանիզացիայի լեզուն։ Այս ամենը հակասում է նախաստորագրված պայմանագրի տեքստին, բայց, իհարկե, անարձագանք է մնում Երեւանի կողմից»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *