Ֆրանսիայում այս ամռանը երկրի արևմուտքում և հարավում բռնկված խոշոր անտառային հրդեհների պատճառած վնասը գնահատվում է 563 միլիոն եվրո. հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով France Assureurs ապահովագրական ընկերությունների ասոցիացիան։
Ասոցիացիայի ներկայացուցիչ Ֆլորանս Լյուստմանի խոսքով՝ ապահովագրական հատուցումների պահանջների մեծ մասը կարգավորվել է երկու ամսվա ընթացքում։ Հրդեհներից առավել տուժած երեք դեպարտամենտներում՝ Ժիրոնդում, Լանդում և Վարում, գրանցվել է ապահովագրական 22,5 հազար դեպք։ Դրանց 71 տոկոսի դեպքում հատուցումները վճարվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն։
Տարվա սկզբից ի վեր Ֆրանսիայում հրդեհներն այրել են ավելի քան 119 հազար հեկտար տարածք։ Ամենախոշոր հրդեհը բռնկվել է Ժիրոնդ դեպարտամենտում, որտեղ կրակը տարածվել է ավելի քան 42 հազար հեկտարի վրա, իսկ 240 տուն այրվել է։
Հրդեհից ամենաշատը տուժել է Լը Պորժ համայնքը, որտեղ ոչնչացվել է այրված տների կեսից ավելին։