«Հրապարակ»․ Սամվել Կարապետյանը դիմել է դատարան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի՝ պահանջելով ներողություն խնդրել իրենից։ Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցվորը պահանջում է Արկադի Արշավիրի Վարդանյանին պարտավորեցնել՝ ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից Noyan Tapan TV ալիքի «Քննարկում» հաղորդման ընթացքում իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար եւ հրապարակել սույն տեքստը. «Ես՝ Արկադի Արշավիրի Վարդանյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 12․09․2026 թվականին YouTube սոցիալական կայքի Noyan Tapan TV ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում հրապարակային եղանակով Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ հետեւյալ վիրավորական արտահայտությունները․ «Անտերը դու ես, որ անտերի նման եկել ես քո հայրենիքը եւ անտեր շան նման էստեղ-էնտեղ հաչում ես ռուսների օգտին, այ, անտեր շուն ես, իսկական անտեր շուն ես, անտեր չի կարելի լինել»»:

Պահանջել է ներողությունը խնդրել YouTube կայքում նվազագույնը 200 հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն մեկ լրատվամիջոցով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստն ընթերցելու միջոցով։ Ներողության տեքստը նշված լրատվամիջոցով հրապարակելու անհնարինության դեպքում այն իրականացնել նույնկերպ՝ Noyan Tapan TV ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում՝ ուղիղ եթերով, վճռում նշված բուն տեքստն ընթերցելու միջոցով: Ներողության վերաբերյալ տեսանյութը եւ խորագիրը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որեւիցե երրորդ անձի կողմից որեւիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակեն ներողության տեքստը: Պահանջել է նաեւ Արկադի Վարդանյանից, հօգուտ Սամվել Կարապետյանի, բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, եւ դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի եւ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *