ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովում՝ COP17-ի շրջանակում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովում՝ COP17-ի շրջանակում

Բնության պահպանության համար ծախսվող յուրաքանչյուր 1 դոլարին բաժին է ընկնում բնությունը ոչնչացնող գործունեության վրա ծախսվող 30 դոլար․ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Երևանում անցկացված Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովում։ Նրա խոսքով՝ միայն 2023 թվականին բնությանը վնասող գործունեությանն ուղղվել է 7,3 տրիլիոն դոլար։

Ստորև Անտոնիո Գուտերեշի ելույթը։

«Ձերդ գերազանցություններ, սիրելի՛ բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը՝ այս կարևոր գագաթնաժողովը հյուրընկալելու և մեզ հետ Կովկասի հրաշալիքներով կիսվելու համար։

Այս բնապատկերն ու այն ամենը, ինչ կա դրա մեջ, հիշեցնում են մեզ, թե ինչու ենք այստեղ։

Սնունդը, որ մենք ուտում ենք, ջուրը, որ մենք խմում ենք, այն օդը, որը շնչում ենք. այս ամենը կենսաբազմազանության պարգևներն են։

Այնուամենայնիվ, մարդկությունը յուրաքանչյուր օր կտրում է կյանքի ծառի ևս մեկ ճյուղ։

Կլիմայական քաոս։

Ինվազիվ տեսակներ։

Գերարածեցում և գերձկնորսություն։

Պարարտանյութերի, թունաքիմիկատների, պլաստմասսայի և ծանր մետաղների չափազանց մեծ օգտագործում։

Այս և բազմաթիվ այլ գործոններ խորացնում են մոլորակային եռակի ճգնաժամը՝ աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը և կլիմայական քաոսը։

Ավելի քան մեկ միլիոն տեսակ այժմ կանգնած է անհետացման վտանգի առաջ՝ մեզ ավելի ու ավելի մոտեցնելով բնակության համար ոչ պիտանի աշխարհին։

Պարտադիր չէ, որ այսպես լինի։

Չորս տարի առաջ՝ Մոնրեալում, առաջնորդները համաձայնեցին գործողությունների ծրագրի շուրջ։

Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը նախանշեց բնության հետ հաշտվելու ուղին։

Բայց դա միայն սկիզբն էր։ Մեզ անհրաժեշտ են ավելի մեծածավալ գործողություններ, ավելի արագ տեմպեր և ավելի մեծ կամք։

2030 թվականին հասնելու ճանապարհի կեսին Երևանը դառնում է մեր պատասխանատվության գնահատման պահը։

Ժամանակն է ինքներս մեզ հարցնելու՝ արդյո՞ք մենք բավարար չափով ենք գործում։

Սիրելի՛ բարեկամներ,

Կան և՛ լավ, և՛ վատ նորություններ։

Կենսաբազմազանության գլոբալ շրջանակը գործողությունների է ոգեշնչել ամբողջ աշխարհում։

Կոնվենցիայի կողմերի գրեթե 90 տոկոսը սահմանել է կենսաբազմազանության պահպանության ազգային թիրախներ։

Ավելի քան կեսը ներկայացրել է նաև դրանց իրականացման սեփական ազգային ճանապարհային քարտեզները։

2022 թվականից ի վեր լրացուցիչ 1,3 միլիոն քառակուսի կիլոմետր ցամաքային և 6 միլիոն քառակուսի կիլոմետր ծովային տարածքներ անցել են պաշտոնական պահպանության ներքո։

Սակայն առաջընթացն անհավասար է և չափազանց դանդաղ։

Նույնիսկ եթե կատարվեն ազգային մակարդակով ներկայումս ստանձնած բոլոր պարտավորությունները, մինչև 2030 թվականը պահպանության ներքո կհայտնվի ցամաքային էկոհամակարգերի ընդամենը 26 տոկոսը և ծովային էկոհամակարգերի 12 տոկոսը։

Սա զգալիորեն պակաս է Մոնրեալում ստանձնած խոստումից՝ մինչև 2030 թվականը պահպանության տակ վերցնել ցամաքային և ծովային տարածքների 30 տոկոսը։

Զգալի բացեր կան նաև տնտեսական համակարգերին առնչվող թիրախների իրականացման հարցում, այդ թվում՝ վնասակար խթանները նվազեցնելուն ուղղված միջոցառումների ոլորտում։

Իսկ առաջընթացի մի շարք կարևոր բաղադրիչներ՝ ներառյալ ֆինանսավորումը, կարողությունների զարգացումը, համագործակցությունն ու տվյալները, դեռևս հիմնականում բացակայում են գործնական քայլերում։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ այս ամսվա սկզբին հրապարակված զեկույցի համաձայն՝ կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորումը կազմում է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակով համաձայնեցված 200 միլիարդ դոլարի կեսից պակասը։

Սիրելի՛ բարեկամներ,

Մեր աշխարհը ցնցվում է հակամարտություններից, կլիմայական քաոսից, պարենային անապահովությունից, հիվանդությունների տարածման սպառնալիքներից և այլ ճգնաժամերից։

Կենսաբազմազանությունը առանձին մարտահրավեր չէ։

Այս ճգնաժամերից որևէ մեկին դիմակայելու համար անհրաժեշտ է լուծել դրանք բոլորը։

Եվ ժամանակ կորցնելու իրավունք չունենք։

Այս հավաքի թեման է՝ «Առաջնորդներ՝ հանուն բնության»։

Այսօր ես կոչ եմ անում առաջնորդություն ցուցաբերել երեք հիմնական ուղղություններով։

Առաջին՝ կառավարությունների առաջնորդությունը։

«30-ը մինչև 30-ը» գլխավոր թիրախն ընդունում է գիտության եզրակացությունները և արտահայտում հավատը բազմակողմ համագործակցության նկատմամբ։

Ինչպես օզոնային շերտի վերականգնումը, որի վերաբերյալ մեկ այլ նշանակալի համաձայնագիր ստորագրվեց Մոնրեալում՝ գրեթե 40 տարի առաջ, այս թիրախը ևս կարող է դառնալ մարդկության պատմության մեծագույն համատեղ ձեռքբերումներից մեկը։

Կոչ եմ անում ձեզ անել հնարավորը՝ այս նպատակին հասնելու համար։

Շրջանակի իրականացման համար անհրաժեշտ կլինի արմատական փոփոխություն՝ բնությունը ոչնչացնող քաղաքականությունից անցում դեպի այն պահպանող գործելակերպ։

Դրանք ներառում են՝

Զրոյական թափոնների և շրջանաձև տնտեսության սկզբունքները։

Կայուն գյուղատնտեսությունն ու վերականգնվող գյուղատնտեսությունը։

Մշտադիտարկումը, թափանցիկությունն ու տեղեկատվության հրապարակումը։

Եվ արդեն գործող օրենքների առավել խիստ կիրարկումը։

Ողջունում եմ Երևանի հռչակագիրը, որը նպատակ ունի այս համաժողովը դարձնել մեր մոլորակի համար շրջադարձային կետ։

Այն նաև նպատակ ունի կենսաբազմազանության պահպանությունն ամրագրել կառավարության յուրաքանչյուր որոշման մեջ՝ քաղաքականություններից ու բյուջեներից մինչև կարգավորումներ։

Մենք կարող ենք առավելապես աջակցել այս գործողություններին՝ խորացնելով համագործակցությունը Ռիոյի երեք կոնվենցիաների միջև։

Երկրորդ՝ ֆինանսական առաջնորդությունը։

Դաժան ճշմարտությունն այն է, որ մենք գումարներ ենք ծախսում սխալ նպատակների համար։

Բնության պահպանության մեջ ներդրված յուրաքանչյուր մեկ դոլարին բաժին է ընկնում այն ոչնչացնելու վրա ծախսվող 30 դոլար։

2023 թվականին 7,3 տրիլիոն դոլար ուղղվել է բնությանը վնասող գործունեությանը։

Ծանր արդյունաբերությանը, որն աղտոտում է շրջակա միջավայրը։

Ագրոբիզնեսին, որը քայքայում է հողը։

Եվ, իհարկե, հանածո վառելիքներին։

Հանածո վառելիքի սուբսիդավորումը ինքնասպանության սուբսիդավորում է։

Դրանք գերտաքացնում են մեր մոլորակը և աղետալի ազդեցություն ունեն կենսաբազմազանության վրա։

Կոչ եմ անում բոլոր երկրների կառավարություններին մեկընդմիշտ դադարեցնել այդ աջակցությունը և խնայված միջոցներն ուղղել մարդկանց ու մոլորակի բարօրությանը։

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի՝ այս տարվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն՝ Ռիոյի երեք կոնվենցիաներով սահմանված կենսաբազմազանության պահպանության, կլիմայի և հողերի վերականգնման գլոբալ թիրախներին հասնելու համար մինչև 2030 թվականը բնության վրա հիմնված լուծումներում ներդրումները պետք է տարեկան հասցնել 571 միլիարդ դոլարի։

Դա համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը կես տոկոսն է՝ փոքր գին՝ Երկրի վրա կյանքի համար պիտանի պայմանները պահպանելու դիմաց։

Սակայն կառավարությունները չեն կարող դա անել միայնակ։

Մասնավոր հատվածը նույնպես պետք է ստանձնի իր բաժին պատասխանատվությունը։

«Կալի» հիմնադրամը ֆինանսավորման նորարարական մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս բնությունից շահույթ ստացող ընկերություններին նպաստել դրա պահպանությանը։

Կոչ եմ անում աշխարհի բոլոր ընկերություններին ներդրում կատարել այս հիմնադրամում, իսկ կառավարություններին՝ խրախուսել մասնակցությունը։

Վերականգնվող էներգիայի ոլորտում բիզնեսն արդեն առաջատար դեր է ստանձնել։

Վերականգնվող էներգիան այժմ նոր էլեկտրաէներգիայի ստացման ամենաէժան, ամենաարագ զարգացող և ամենահուսալի աղբյուրն է։

2010 թվականից ի վեր արևային էներգիայի արժեքը նվազել է գրեթե 90 տոկոսով, իսկ մարտկոցային էներգիայի կուտակման համակարգերինը՝ 95 տոկոսով։

Մաքուր էներգետիկայի ոլորտում համաշխարհային ներդրումները հասել են հանածո վառելիքի մեջ ներդրվող կապիտալի գրեթե կրկնակի չափին։

Միայն անցյալ տարի վերականգնվող էներգիան կանխել է ածխածնի արտանետումներ, որոնց ծավալը համարժեք է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ճապոնիայի միասնական արտանետումներին։

Ավելի ու ավելի շատ երկրներ ազատվում են հանածո վառելիքի անկայուն և չափազանց թանկ շուկաներից կախվածությունից։

Սակայն այս օգուտները հավասարապես չեն բաշխվում ամբողջ աշխարհում։

Ծանր պարտքը, հարկաբյուջետային հնարավորությունների սահմանափակումը և անարդար միջազգային ֆինանսական համակարգը բազմաթիվ զարգացող երկրների ստիպում են ընտրություն կատարել բնության և մարդկանց միջև։

Մենք գիտենք, որ կայուն զարգացումն անհնար է առանց երկուսի։

Սևիլիայի հանձնառությամբ համաշխարհային առաջնորդները խոստացել են շտկել այս անարդարությունը։

Դա նախատեսվում է անել՝

Ավելացնելով զարգացման համար նախատեսված ներքին և միջազգային ֆինանսավորումը։

Ստիպելով բազմակողմ զարգացման բանկերին զգալիորեն ընդլայնել ներդրումները։

Բանկերի բաժնետերերի կողմից նոր կապիտալ տրամադրելով, ինչը թույլ կտա ընդլայնել արտոնյալ ֆինանսավորումը և ներգրավել մասնավոր ներդրումներ։

Եվ բարեփոխելով համաշխարհային ֆինանսական համակարգը՝ զարգացող երկրներին տալով նրանց արժանի մասնակցությունն ու ազդեցությունը և այն համապատասխանեցնելով այսօրվա տնտեսական իրողություններին։

Մենք այլևս այն աշխարհում չենք, ինչպիսին աշխարհն էր 1945 թվականին։

Երրորդ՝ մեզ անհրաժեշտ է բոլորի առաջնորդությունը։

Շրջակա միջավայրի վատթարացումն ամենածանր հարվածն է հասցնում առավել խոցելի խմբերին՝ նրանց, ովքեր ամենաքիչն են նպաստել խնդրի առաջացմանը։

Սակայն լուծումները հաճախ հենց այդ խմբերից են գալիս։

Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հաջողության համար մեզ անհրաժեշտ են աննախադեպ գործընկերություններ։

Դրանցից են՝

Երիտասարդների նորարարական գաղափարները։

Քաղաքացիական հասարակության եռանդը։

Կանանց մասնակցությունը։

Եվ, իհարկե, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների առաջնորդությունը։

Բնիկ ժողովուրդների գիտելիքը կենսաբազմազանության պահպանության հիմքում դնելով՝ մենք կարող ենք օգտագործել աշխարհի ամենահզոր արհեստական բանականություններից մեկը՝

Նախնյաց բանականությունը։

Հազարամյակների ընթացքում ձևավորված այս գործելակերպերը կարող են օգնել մարդկությանը վերականգնել ներդաշնակությունը Երկրի, ծովի և երկնքի հետ։

Սիրելի՛ բարեկամներ,

Ինձ՝ որպես գլխավոր քարտուղար, պաշտոնավարման ավարտին մնացել է 76 օր։

Պաշտոնավարմանս ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում իմ գլխավոր առաջնահերթություններից մեկը եղել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման եռակի ճգնաժամի դեմ պայքարը։

Դա պայմանավորված է նրանով, որ ձեզանից շատերի նման ես նույնպես երեխաներ և թոռներ ունեմ։

Նրանք հույսը մեզ վրա են դրել՝ ակնկալելով, որ մենք առաջնորդներ կլինենք հանուն բնության։

Բնության մեջ առաջնորդները հոգատարներն են։

Փղերի նախամայրերը, որոնք գիտեն երաշտի ժամանակ դեպի թաքնված ջրաղբյուրներ տանող ուղիները։

Չվող թռչունների երամի առաջին թռչունը, որը ճեղքում է օդը՝ իր հետևից թռչողների համար ճանապարհ բացելով։

Բույսերը, որոնք հայտնի են որպես պիոներ տեսակներ և էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել անտառային հրդեհներից հետո առաջինը վերաճելու և հաջորդող տեսակների համար հողը հարստացնելու հատկություն։

Մենք նույնպես պետք է հոգատար լինենք։

Եկե՛ք գործենք այնպես հրատապ, ինչպես պահանջում է այս պահը։

Հանուն մեր երեխաների։

Հանուն մեր ապագայի։

Եվ հանուն Երկրի վրա ողջ կյանքի։

Շնորհակալություն»։

Դիտել տեսանյութը?rel=0″ frameborder=”0″ allowfullscreen>։

Հոկտեմբեր 18, 2026 at 17:51

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *