
«Մեր սահմանները փոքրանում են, ձեր աշխատավարձը մեծանում է։ Շուրա, իսկ որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար․ 2,6 միլիոնը հերի՞ք է»։
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի կողմից հոկտեմբերի 8-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանին ուղղված այս հարցադրմանը վերջինս պատասխանեց թվերով․ «Հայաստանում 2016թ․ համեմատ պետական բյուջեն 2025թ․ 135%-ով աճել է, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել է։ ՀՀ ՀՆԱ-ն վերջին 8 տարիներին աճել է 53,1%-ով»։ 2027թ․ հունվարի 1-ից 1․58 միլիոնի փոխարեն 2․66 միլիոն դրամ աշխատավարձ ստացող վարչապետի պատասխանում Հայաստանի սահմանների մասին ոչ մի բառ չկար․ միայն տոկոսներ։
Սա վրիպակ չէ, այլ աշխարհայացք։ Այն դիպուկ նկարագրել է Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկ» վեպի հերոսը՝ գովազդային տեքստերի հեղինակը․ «Ամեն ինչ վաճառվում է․ սերը, արվետը, Երկիր մոլորակը, դուք, ես․․․ հատկապես ես։ Մարդն ապրանք է։ Ինչպես մյուս բոլորը՝ սահմանափակ պիտանելիության ժամկետով»։
Բեգբեդերի՝ ցինիզմով լեցուն այս մոտեցումն ունի փաշինյանական դպրոցական տարբերակ․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Փաշինյանի խոսքով՝ սա «մեր ուղերձն է մեր բոլոր դպրոցների բոլոր աշակերտներին», և այդ կարգախոսն արդեն փակցվում է դպրոցների միջանցքներում՝ փոխարինելով Մաշտոցի առաջին հայերեն թարգմանած բառերին․ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Իսկ Մաշտոցի պատկերը դասագրքերում այդ նույն ընթացքում փոխարինվել էր QR կոդով՝ ինչպես ապրանքի փաթեթավորման վրա․ միայն հանրային ընդվզումից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ այբբենարանի առաջին էջում կրկին կլինի նրա նկարը։ Տասնվեց դար անց իմաստության ձգտելու մասին մաշտոցյան պատգամը փոխարինվեց սպառողական հասարակարգին բնորոշ պարզունակ լոզունգով։
Փիլիսոփայության մեջ այս աշխարհայացքն ունի իր անունը՝ ուտիլիտարիզմ։ Դրա հիմնադիր Ջերեմի Բենթամն առաջարկում էր ցանկացած որոշում գնահատել՝ հաշվի առնելով հաճույքների և տառապանքների հանրագումարը․ ճիշտ է այն, ինչը բերում է «ամենամեծ երջանկությունը հնարավորինս մեծ թվով մարդկանց»։ Իմանուիլ Կանտը, սակայն, կարծում էր, որ կան այլ սկզբունքներ․ որոշ արարքներ անթույլատրելի են՝ անկախ արդյունքից։ Դասական օրինակ է «Մինյոնետ» նավի գործը։ 1884թ․ զբոսանավը խորտակվեց Հարավային Ատլանտիկայում, և չորս մարդ 24 օր մնաց բաց ծովում՝ փրկանավակի մեջ։ 20-րդ օրը նավապետն ու նրա օգնականը սպանեցին անձնակազմի ամենաթույլ անդամին՝ 17-ամյա Ռիչարդ Փարքերին, որպեսզի ողջ մնան՝ ուտելով նրա մարմինը։ Թվաբանական հաշվարկը կատարյալ էր․ մեկ մահը փրկեց երեք կյանք։ Դատարանը, սակայն, դա սպանություն ճանաչեց․ ծայրահեղ անհրաժեշտությունը չի արդարացնում այն։ Դատավորը վճռել էր, որ երբեմն սեփական կյանքը զոհաբերելը կարող է լինել բարձրագույն պարտականություն, բայց ոչ երբեք՝ ուրիշինը։
Երբ այսպիսի հաշվարկը դառնում է քաղաքականություն, ամեն ինչ վերածվում է մեկ արժույթի։ 2001թ․ արտահոսեց Չեխիայում Philip Morris-ի պատվերով իրականացված մի հետազոտություն, ըստ որի՝ ծխելը պետբյուջեին տարեկան 147 միլիոն դոլարի շահույթ էր բերում։ «Եկամուտների» շարքում ներառել էին նաև այն մարդկանց բուժման, կենսաթոշակների և բնակարանի ծախսերի խնայողությունները, որոնք մահացել էին ժամանակից շուտ։ Այս թվաբանությունն ունի իր սահմանը, և դա ընդունում էին նույնիսկ իրենք՝ ուտիլիտարիստները։ Ջոն Ստյուարտ Միլը՝ Բենթամի գլխավոր հետևորդը, գրում էր, որ հաճույքները տարբերվում են ոչ միայն քանակով, այլ նաև որակով․ «ավելի լավ է լինել դժգոհ Սոկրատես, քան գոհունակ հիմար»։ Իսկ Կանտը սահմանագիծ էր քաշում․ «նպատակների թագավորությունում ամեն ինչ կա՛մ գին ունի, կա՛մ արժանապատվություն»։ Այն, ինչ գին ունի, կարելի է վաճառել, իսկ այն, ինչ չի վաճառվում, օժտված է արժանապատվությամբ։
Փաշինյանը որոշել է սա կիրառել հայ հանրության վրա։ 35 տարվա հակամարտությունից հետո, հեղափոխությունից և դրան հաջորդած պատերազմից հետո, որոնք մահեր ու հիասթափություն բերեցին, շատերն ընդամենը մեկ բան են ուզում՝ հանգիստ ապրել։ Նրանց առաջարկվել է գործարք․ հարմարավետություն՝ մոռացության դիմաց։ Գործարքի երկրորդ կողմը վախն է։ Մարտի 22-ին Փաշինյանը նախազգուշացնում էր․ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չստանա, «սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու»։ Այլընտրանքը ներկայացվում էր կոնկրետ դեմքերով՝ Քոչարյանի գլխավորած «նախկինները» և Կարապետյանի դեմքով հանդես եկող Մոսկվան, և հասարակությունը ստիպված եղավ կատարել ընտրություն իրեն պարտադրված կեղծ երկընտրանքի պայմաններում։ Կուսակցությունների մրցակցությունն ընթանում էր ոչ թե ծրագրերի կամ գաղափարների, այլ վախի և փողի շուրջ։ Հունիսի 7-ին քվեարկածների գրեթե կեսն ընդունեց այս գործարքը։ Կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստացավ։ Արդեն օգոստոսին Ռուբեն Ռուբինյանը բացատրեց, որ սեպտեմբերին պատերազմ չեն սպասում, քանի որ կուսակցությունը «վստահ մանդատ է ստացել»։
Գործարքի տրամաբանությունը տեսանելի է չորս ոլորտում։
1․ Բարեկեցության հաշվապահություն․
Միջին աշխատավարձը 2018թ․ 174․000 դրամից 2025թ․ հասել է 305․000, աճել են նաև կենսաթոշակները։ Բայց աճել են նաև հարկերը (գույքահարկ, ակցիզային հարկ, ավտոկայանատեղիների վճարներ և այլն)՝ ՀՆԱ-ի 21%-ից մինչև 24%-ը, իսկ 2026թ․ ավելացել է առողջության պարտադիր ապահովագրության վճարը՝ ամսական 10․800 դրամ։ Կենսաթոշակներին 10 հազար դրամով հավելավճար խոստացվեց ընտրություններից երեք ամիս առաջ, և այն վճարվեց պահուստային ֆոնդից։ Իսկ մինչև աշուն առողջապահական ապահովագրության համակարգն արդեն պարտքերի մեջ էր․ սեպտեմբերին պարտքերը մարելու համար հարկ եղավ լրացուցիչ հատկացնել 3,5 միլիարդ դրամ։
2․ Հաց և տեսարաններ․
Փաշինյանի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում թանկարժեք համերգների, շոուներ և ժամանցային այլ միջոցառումների կազմակերպման վրա։ Միայն Սնուփ Դոգի համերգի համար 2023թ․ ԿԳՄՍ նախարարությունը հատկացրեց մոտ 6 միլիոն դոլար՝ «ազգային հենքի վրա» երաժշտության և արվեստի աջակցության բյուջեից։ Համերգը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին և չեղարկվեց միայն Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակումից հետո։ 2026-ի ապրիլին տեսարանները դարձան նախընտրական խոստում. ամեն տարի բյուջեից վճարվելու են «առնվազն երկու համաշխարհային աստղերի» համերգների համար։ Փաշինյանն ինքն է այս միջոցառումների գլխավոր հերոսներից մեկը։ Ամռանը ևս 179 միլիոն դրամ է հատկացվել Սևանում անցկացվող «Վարչաֆեստ 2026» երիտասարդական փառատոնին, որտեղ նա «Վարչաբենդի» կազմում հարվածային գործիքների վրա է նվագել։
3․ Հիշողությունը՝ որպես ծախս․
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցին, Հանրային հեռուստատեսությունը համերգ հեռարձակեց՝ Թաթա Սիմոնյանի և այլոց կատարմամբ։ Ներողություն խնդրեցին և՛ երգիչը, և՛ հեռուստաալիքը։ Հոկտեմբերի 1-ին Փաշինյանն ընդունեց դրա «անտեղի լինելը», իսկ հոկտեմբերի 8-ի նույն ճեպազրույցի ժամանակ սկսեց արդարացնել․ «Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրն է, այսօր էլ մենք զոհեր ենք ունեցել։ Ի՞նչ անենք․ փակե՞նք բոլոր հեռուստաընկերությունները, բոլոր հարսանյաց սրահները, ռեստորանները, բարերը։ Դրա համար էլ պետական օր է սահմանված»։ Այստեղ սուգը ծախս է, ընդ որում՝ տհաճ ծախս իշխանությունների համար, այդ իսկ պատճառով այն փորձում են տեղավորել տարեկան մեկ՝ որևէ խորհուրդ չունեցող օրվա մեջ։ Զուգահեռաբար Երևանի ստորգետնյա անցումներից հեռացվեցին զոհված հերոսների դիմանկարները՝ Ռոբերտ Աբաջյանի, Ալբերտ Հովհաննիսյանի, Հայկազ Մկրտչյանի, Գևորգ Ասատրյանի, Հովհաննես Խոդերյանի։ Իրականացվում էր «բարեկարգում», իսկ դիմանկարները «թույլտվություններ չունեին»։ Իսկ հոկտեմբերի 12-ին Փաշինյանը հայտարարեց․ «Պատմությունն այլևս այն չէ, ինչ տեղի է ունեցել, պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա»։ Անցյալը, որը եկամուտ բերելու փոխարեն անհարմարություններ է պատճառում, դուրս է գրվում հաշվեկշռից։
4․ Կյանքերը՝ որպես ծախս․
Փաշինյանի իշխանության տարիներին պատերազմներում զոհվել է շուրջ 4500 մարդ, կորսվել է Արցախը, օկուպացված է ՀՀ տարածքի մի մասը։ Մարտի 25-ին նա ամփոփեց․ «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ․ և, արդյունքում, ձեռք ենք բերել պետություն և անկախություն»։ Սա նույն հաշվարկն է, ինչ Philip Morris-ինը՝ արձանագրված ոչ թե խորհրդատուների, այլ երկրի ղեկավարի կողմից։
Բարեկեցությունը պետության նպատակն է, ոչ թե նրա փոխարինողը։ Այն պետությունը, որն իր քաղաքացիներին առաջարկում է միայն գին՝ մոռանալով արժանապատվության մասին, ստանում է քաղաքացիներ, որոնք ճանաչում են միայն այդ գինը․ նրանք կգնան այնտեղ, որտեղ ավելի շատ կվճարեն, և կպաշտպանեն միայն այն, ինչի համար վճարված է։ Իսկ պետության առաջ ծառացած խնդիրների դեպքում նրանք կշարժվեն ոչ թե հայրենասիրական, այլ սպառողական մղումներով։ Մինչդեռ ժողովուրդը վերածվում է ազգի և կառուցում է պետություն ոչ թե այն ամենով, ինչ կարող է գնել, այլ նրանով, ինչը հրաժարվում է վաճառքի հանել։ Երբ Philip Morris-ի հաշվարկը հրապարակային դարձավ, ընկերությունը ներողություն խնդրեց։ Մեր կառավարությունն ինքն է հրապարակում իր «հաշիվ-ապրանքագիրը» և այն անվանում «գիտակցված զոհողություն», սակայն դրա գինը վճարում է հայ ժողովուրդը։
Հ.Գ. 2022թ․ ապրիլի 13, Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան․ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։