
Ֆրանսիայում լիցեյականներն ավերում են պատմական շենքեր, նրանցից շատ ետ չեն մնում իտալացի ու ալբանացի դպրոցականները: Հանուն ուսուցման բարենորոգման սկսված աշակերտական բողոքները վերածվեցին վանդալիզմի ակտերի: Ենթադրում եմ, որ դա ժողովրդավարության առանցքային հատկանիշ է. էլ ի՜նչ ժողովրդավարություն առանց նման էքսցեսների (բախումների): Մեկ-երկու տարի առաջ ֆրանսիացի (նաև բելգիացի) ֆերմերները տոննաներով աղբ էին թափում վարչական շինությունների դիմաց: Քանի որ երեխաները չունեն համապատասխան տեխնիկա՝ նրանք բավարարվեցին լուցկու և այլ կրակահան միջոցների օգտագործմամբ: Եվ մի քանի ժամով քաղաքապետարաններն ու նույնիսկ ոստիկանության բաժանմունքները զավթելով: Էլ չասած խանութներ զավթելու ու թալանելու, կրպակներ ու փողոցներում կայանված մեքենաներն այրելու մասին:
Մեզանում դրան չհասավ՝ երբ անցյալ տարի հայոց եկեղեցին «բարենորոգելու» կողմնակիցները հարձակվեցին Մայր տաճարի վրա: Չեմ կարող ասել, թե որն է պատճառը: Այն, որ հայոց եկեղեցու գլխավոր տաճարը շատ ավելի հինավուրց է ու պատմական ավելի մեծ արժեք ունեցող, թե որ «իրական Հայաստանը» պակաս ժողովրդավարական երկիր է, քան Ֆրանսիան: Ինչևէ, ինչպես երևում է, երկու դեպքում էլ «բարենորոգումը» ենթադրում է վանդալիզմի ակտեր՝ ավելի կամ պակաս չափով: Եվ երկու դեպքում էլ մեղավորը պետության ղեկավարն է կամ այն պաշտոնյան, ով կրում է ամենամեծ պատասխանատվությունը երկրի ներքին ու արտաքին անվտանգության առումով: Եվ եթե այդ բարձր պաշտոնը զբաղեցնում է ոչ ադեկվատ անձնավորություն, իրավիճակն էլ վերածվում է հրդեհավտանգի:
Իսկ Ֆրանսիայի գործող նախագահ Մակրոնը հենց այդպիսի կերպար է: Ինչն այնքան էլ զարմանալի չէ, քանի որ Շառլ դը Գոլի պես մեծությունից հետո աստիճանաբար նվազեցին այդ երկրի նախագահների ընդունակություններն ու դրանցով պայմանավորված հեղինակությունը՝ հասնելով Էմանուել Մակրոնի մակարդակին: Դե, իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած Փաշինյանի հետ նրա մտերմությունն էլ վկայում է, որ նմանը միշտ գտնում է իր նմանին: Ու երկուսն էլ բանի պետք չեն, կամ էլ իրենք թիվ մեկ պատասխանատու են, սակայն նույն չափով մեղավոր չեն: Ու այդ պատճառով էլ իրենց կառավարման օրոք երկրի վիճակը մի բանի նման չէ:
Վերադառնալով ֆրանսիական իրադարձություններին՝ ասեմ, որ նախորդ օրը փողոց է դուրս եկել 550 հազարից 800 հազար մարդ: Առաջինը ոստիկանության տվյալն է, երկրորդը՝ արհմիություններինը: ՏԳ ալիքներից մեկի վկայությամբ, ֆրանսիական ջարդարարներին աջակցելու նպատակով ջարդարարներ են ժամանել Բելգիայից և Գերմանիայից: Ի դեպ, ականատեսները նկատել են բողոքային շարժման մարտավարության փոփոխություն: Նախկինում բողոքը սկսվում էր կեսօրից հետո կամ երեկոյան կողմը, ենթադրաբար, ավելի շատ մարդ ընդգրկելու նպատակով: Այս անգամ դրանք սկսվում են կեսօրից առաջ, ինչը ոստիկանությանը թույլ չի տալիս նախապատրաստվել ջարդարարության հերթական ալիքին: Ի դեպ, այսօր ջարդարարները մի քանի անգամ փորձել են մոտենալ Ելիսեյան պալատին (նախագահական նստավայրին): Եվ մի անգամ հաջողացրել են մոտենալ մինչև 500 մետր:
Փորձագետների կարծիքով բողոքների հիմքում առկա է օբյեկտիվ պատճառ: Դա Ֆրանսիայի ապագայի տեսլականի խնդիրն է. ծայրահեղ ձախերը դա տեսնում են միգրանտներ ընդունելու (իսլամացում) և լիբերալ արժեքների (ԼԳԲՏ) շարժան մեջ: Իսկ ծայրահեղ աջերը պայքարում են հանուն սպիտակ և քրիստոնեական Ֆրանսիայի պահպանման: Բայց դա այլ խոսակցության նյութ է:
ՀԳ. Հիշեցնեմ, որ Մակրոնի նախագահության հենց սկզբից՝ 2018-2019 թթ.-ին ծավալվեց «դեղին բաճկոնների», իսկ այնուհետև թոշակային տարիքը 2 թե 3 տարով բարձրացնելու դեմ բողոքը: Իսկ հաջորդ տարվա՝ նախագահության երկրորդ ժամկետի ավարտի շեմը նշանավորվեց դպրոցականների ջարդարարությամբ: Ենթադրում եմ, որ դա կնպաստի նրա քաղաքական կարիերայի անփառունակ ավարտին: Դեմ լինելով ջարդարարությանը՝ նույնը մաղթում եմ երբեմնի «դուխով» Նիկոլին: