Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ։ Այս առումով բավական է նայել, թե ադրբեջանական իշխանությունների մոտ ինչ պանիկա է առաջացրել հիջաբի արգելքի դեմ Թուրքիայում առկա հանրային բացասական կարծիքը, որպեսզի նկարագրածս առավել ակնհայտ լինի։
Միաժամանակ պետք է նշել, այս Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է բազմաթիվ հանգամանքների բերումով (այստեղ բավական է նշել նավթային ռեսուրսների կտրուկ նվազումն ու դրանից սպասվող նոր սոցիալ-տնտեսական ճգնաժամը արդեն առաջիկա տարիներին), ուստի առաջիկա տարիներին նման ճգնաժամերը միայն շատանալու են՝ դրդելով Ալիևներին արտաքին նոր թիրախների փնտրտուքի։
Վերլուծական այս ակնարկի իմաստը հետևյալն է.
◾Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գրեթե ամեն օր Հայաստանում գործող ուժերը արդեն 6 տարի է,
◾️ Ադրբեջանի դեմ աշխատանքը, այդ թվում՝ նման խոցելիություններից օգտվելը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքներից, ոչ թե հակառակը,
◾️ Ադրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել։
Պարադոքսն այն է, որ վերջին կետը քաջ գիտակցում են նաև Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր»։