ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երևանի թիվ 17 հատուկ դպրոց

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի թիվ 17 հատուկ դպրոց ։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Դպրոցի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման, սննդի կազմակերպման և տրամադրման, սովորողներին բժշկական օգնության տրամադրման, հաստիքային ապահովվածության, անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունների, ինչպես նաև սովորողների իրավունքների և շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը։

ՄԻՊ ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացին, առանձնազրույցներ ունեցել մանկավարժական անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության իրավունքի արդյունավետ իրացմանն առնչվող խնդիրներն ու առկա դժվարությունները։

Հարկ է նշել, որ Դպրոցում ընդհանուր առմամբ ապահովված էին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող սովորողների տեղաշարժի և կրթական գործընթացին մասնակցության համար անհրաժեշտ մատչելիության պայմանները։ Միաժամանակ, այցի ընթացքում արձանագրվել են մատչելիության ապահովման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման հետ կապված առանձին խնդիրներ։

Մասնավորապես՝

արձանագրվել է, որ Դպրոցում առկա է մեկ վերելակ, սակայն դրա խցիկի չափսերը փոքր էին, և այն տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների համար ամբողջությամբ հարմարեցված չէր, քանի որ խցիկում ազատ պտույտի կամ շրջադարձի հնարավորություն առկա չէր։ Միաժամանակ, հաշվի առնելով Դպրոցի սովորողների թիվը և տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների առկայությունը՝ մեկ վերելակի առկայությունը բավարար չէ ազատ և անվտանգ տեղաշարժն ապահովելու համար,

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումն ամբողջությամբ ապահովված չէր, առկա էր բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն։ Բացի այդ, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների ներգրավումն ամբողջությամբ չէր իրականացվում՝ մասնագետների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։

Այցի ընթացքում Դպրոցի տնօրինության հետ, ի թիվս այլնի, քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող երեխաներին անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հաստիքների համալրվածությանը, ինչպես նաև նրանց կրթության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացմանն առնչվող դժվարությունները։

Այցի ավարտին արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է Դպրոցի տնօրենի և անձնակազմի հետ։

Դպրոցի տնօրինությունը և անձնակազմն այցի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթն առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է, որ ներառական միջավայրի ձևավորման գործընթացը անհրաժեշտ և կարևորագույն բաղադրիչ է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներգրավման տեսանկյունից։                              

Այս համատեքստում պետությունը պետք է ապահովի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմաններ, համապատասխան աջակցություն և ծառայությունների հասանելիություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *