Իտալիայի մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-18-ին անցկացված բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների, որոնց ընթացքում թալանվել են հայտնի բրենդային խանութներ, վնասվել գույք, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։
Հաղորդվում է, որ Միլանի կենտրոնում թալանվել են Decathlon, Arc’teryx, Levi’s և Under Armour խանութները, ինչպես նաև Vodafone-ի վաճառքի կետը։ Ցուցարարների առանձին խմբեր կոտրել են ցուցափեղկեր, գողացել ապրանքներ և հրդեհել փողոցային բարիկադներ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Իտալական Unimpresa գործարար միության նախնական գնահատմամբ՝ Միլանում, Բոլոնիայում, Թուրինում և Բերգամոյում անկարգությունների պատճառած ընդհանուր տնտեսական վնասը կազմում է 1,1-1,6 միլիոն եվրո, իսկ միջին գնահատականը մոտ 1,3 միլիոն եվրո է։ Միայն Միլանում վնասը գնահատվում է 730 հազարից մինչև 1 միլիոն եվրո։ Հաշվարկը ներառում է ոչ միայն գույքային վնասը, այլև խանութների հարկադիր փակման հետևանքով կորցրած եկամուտները։
Կիրակի օրը Միլանում ոստիկանություն է տարվել 271 մարդ, որոնցից 32-ը ձերբակալվել են։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դատապարտել է բռնությունները և անվտանգության հարցով խորհրդակցություն է հրավիրել։
Ցուցարարները բողոքում էին կյանքի թանկացման, վառելիքի գների աճի և հանրային ծառայությունների վատթարացման դեմ, իսկ որոշ մասնակիցներ նաև դեմ էին արտահայտվում պատերազմներին։