
Հարցազրույց Հայաստանի վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի հետ
– Այսօր որեւէ թատրոնում աշխատո՞ւմ է, որեւէ դեր խաղո՞ւմ է Մուրադ Ջանիբեկյանը:
– Գիտեմ, թատրոնը փառահեղ բան է, կենդանի արվեստն է ինպրովիզացիայի, բայց մի տեսակ նման է մի անգամվա ներարկիչի` սրսկեցին, ու անցավ: Հանդիսատեսը ծափ է տալիս ու գնում է, եւ տարիներ հետո այդ ներկայացումը փակվեց, իրենք էլ ծերացան ու անցան: Ոչ ոք չի գալու՝ թերթի այդ էջերը, որ տեսնի` ովքեր են, ինչ են: Գուցե միայն այն մարդիկ, ովքեր զբաղվում, հետաքրքրվում են, իսկ ժողովուրդը ժամանակ չունի նայի, թերթի: Բացի դրանից, գոյություն ունի միջակ աշխարհ, մարդիկ, որոնք չարանում են, գիտեն իրենց վիճակը, չափը եւ փորձում են չարախոսել: Կոնֆուցիոսն ասում է՝ եթե դու քեզնից արժեք չես ներկայացնում, քո մասին ո՛չ խոսում են, ո՛չ էլ բամբասում ու չարանում: Կարող են ամենալավ գործը փնովել, միջակ գործը` գովել: Չարանում են, այդպես փորձում են կյանքում էլ խաղալ, որ մի կերպ բերեն ու բեմը լրացնեն: Իրենք կարող են ամենավատ բաներն անել հանուն կարիերայի եւ գցեն քեզ վրա: Արիստոտելն ասում է` նախանձներն ավելի շատ վշտանում են քո հաջողությունների համար, քան իրենց անհաջողությունների:
– Ինչո՞ւ հեռացաք կամ հեռացվեցիք Սունդուկյան թատրոնից: Հետո որեւէ թատրոնից առաջարկ ունեցե՞լ եք:
– Ոչ, ոչ մի տեղից: Հեռացա Սունդուկյան թատրոնից, որովհետեւ ես, բոլորի պես, կորոնայի վիրուսի դեմ պատվաստման թուղթը չտարա: Չտարա ոչ թե համառությունից, այդպես խելքից պակասները կարող են ասել, ես այդպիսի հաստակողություն չունեմ: Չպատվաստվեցի, ո՞ւմ եմ խաբում՝ ինքս ի՞նձ: Ինձ աշխատանքից ազատեցին այդ թղթի պատճառով, որ չտարա: Դիմեցի դատարան, որն իմ սխալն էր, որովհետեւ տեսա, որ այնտեղ խոսում էին, թե մի հատ լավ նայեք այդ գրածի մեջ եւ այլն: Հետո ես հասկացա, որ փող է պտտվում: Բայց հոգով արվեստագետն ամեն ինչ պիտի թողնի իր արտիստի վրա, մյուս բաները պետք չեն: Եթե անգամ դատը շահեի, գնալու էի էլի՞ աշխատեի դրանց հետ՝ չէ: Դրա համար էլ փորձեցի դուրս գալ: Բայց իրենք կարողանում են իրենց միջից ազատել, ազատվել: Ես մի քիչ ակտիվ մարդ եմ, բացի դա, բնավորությունս է այդպես` էներգիչնի, եւ ինձ դուր չի գալիս էդ վիճակը: Ինձ շատ է խանգարում իմ բնավորությունը կյանքում, բայց շատ է օգնում գործի մեջ` բեմում եւ էկրանին: Երկուսն իրար հետ համադրելը ճիշտ չէ, որովհետեւ ով կարողանում է համադրել, ուրեմն իր արածի մեջ մի քիչ սուտ բան կա:
– Կարո՞ղ ենք ասել, որ Սունդուկյան թատրոնն ուղղակի ազատվեց Ձեզնից:
– Իմ բնավորությունն է դա, ոչ թե հաստակողություն է, ուղղակի այդպես եմ մտածում: Եվ ես հասկացա, որ ավելի մեծ գործ կա` կինոն: Որովհետեւ ինքը մնայուն արվեստ է, եւ ես գիտեմ, որ ունեմ իմ ձեռագիրը՝ որպես արտիստ, որպես սցենարիստ եւ որպես բեմադրող. փորձեցի անցնել դրան: Ես այն մարդկանցից եմ, որ չեմ կարող փող ճարել, ինձ մոտ դա չի ստացվում: Դրա համար էլ ունեցածս վաճառեցի, ամեն ինչ, կոմունիստների ժամանակից մնացած կար ամառանոց, իմ տունը, ամեն ինչ: Գագիկ Ծառուկյանի նվիրած հողը, շատ շնորհակալ եմ իրենից, եւ փորձեցի նկարահանել: Առաջին գործը, որ արեցի, Շեքսպիրի գլուխգործոց «Համլետն» էր, որ բոլորն ասում էին` պռավալ կտա, ո՞նց է ռիսկ անում: Փորձեցի, նկարեցի, հետո հրավեր ստացա Նյու Յորքի միջազգային կինոփառատոնից, որ համարվում է աշխարհի ամենամեծ կինոփառատոնը, տարեկան 9 հազար ֆիլմ է պտտվում: Երբ հասա տեղ, մտածում էի, թե ինչի եկա: Բայց «Լավագույն արտիստ» մրցանակը ստացա, եւ շատերն սկսեցին ասել, որ սուտ է: Հետո TV-ներով ցույց տվեցին: Դրանից հետո սկսեցին ասել` հա, լավ դերասան է, բայց ի՞նչ գործ ունի ռեժիսուրայի հետ: Եվ ստացա «Լավագույն ռեժիսոր» մրցանակը: Հետո ականջիս հասավ` «էդ ստից Նյու Յորքը»: Երբ խոսեցի ժյուրիի նախագահի հետ, ասացի` ինչ-որ բառեր գուցե անգլերեն լավ չեն հնչում, ասաց` մենք քեզ մրցանակ չենք տվել բառերի համար, տվել ենք «Լավագույն արտիստի» եւ «Լավագույն ռեժիսորի» համար: Ասաց` դու տարօրինակ, յուրօրինակ ձեռագիր ունես: Այնտեղ նշված էր, որ իմ Համլետը Տիրոջ կողմից ուղարկված է՝ երկիրը մաքրելու պղծությունից: Ասաց` հետաքրքիր ես մտածել, եւ ամենակարեւորը, որ արքաները դարձել են ծաղրածուներ, իսկ ծաղրածուները` արքաներ: Իսկ այստեղ մայրս ասաց` ես հանգիստ կմեռնեմ, դու Համլետի օվկիանոսում լողացար եւ չխեղդվեցիր:
– Հետո ի՞նչ ֆիլմեր նկարեցիք եւ ինչպիսի՞ հաջողություններ ունեցաք:
– Հետո իմ սցենարով նկարեցի ֆիլմ` «Ավելորդը», որպես ռեժիսոր եւ որպես դերակատար: Ֆիզիկայի ինստիտուտի մասին էր, որ այդ տարիներին ուզում էին փակել: Ֆիզիկոսի մասին էր, որ գիտեր՝ ինքը շատ կարեւոր է, բայց իրեն մի քիչ ավելորդ էր համարում ու հետ էր մղում, որպեսզի դիմացինների համար լավ լինի: Դա չնկատեցին խոսողները: Մարտական կտորներ էի նկարել, դրան անդրադարձան, ասացին` էս ինչ է, թո՞ւրք ենք: Ես իմ գործի մեջ ինչ-որ զգացողություն ունեմ` մի քիչ առաջ տեսնելու: Դրանից անցավ մի 10 տարի, հիմա էս վիճակում չե՞նք` թրքացած: Հետո նկարեցի «Խոստովանությունը», եւ ինձ համար մեծ պատիվ էր արժանանալ մեծ վարպետ Վահրամ Փափազյանի անվան գլխավոր մրցանակին: Հրավիրվեցի Եվրոպա, աշխարհի 4 անկյուններից եկել էր 44 մասնակից երկիր, եւ այնտեղ էլ ստացա Գրան պրի: Իսկ մեջս պտտվում էր Շեքսպիրի «Օթելլոն», բայց ֆինանսական ճգնաժամ սկսվեց եւ կանգ առավ, չբեմադրվեց: Ես փորձեցի մոնոֆիլմ անել` կարճամետրաժ: Գիտեի իմ ձեռագիրը, թե ինչ եմ արել, գիտեի` լուրջ գործ եմ արել: Իմ Օթելլոն սեւամորթ չէր, սեւերես էր դարձել վիճակից, ավերակներում ինքն էլ էր դարձել ավերակ՝ իր արած գործերից: Եթե ես ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, իմ առաջ շատ դռներ կբացվեին, բայց այստեղ վիճակն այսպես է, ես սեւ ցուցակ եմ անցել: Ես ոչ մեկից որեւէ բան չեմ խնդրել: Թատրոնը դիմեց քաղաքապետարան, որ տնով ապահովեն դերասաններին, բոլորին տալիս էին, ինչ-որ Մարգարյան էր, կարծեմ` Տարոն, պատասխան ուղարկեց, որ կմտածենք: Էնքան մտածեց, մինչեւ իրենք թռան: Համենայնդեպս, հիմա էլ ավելի բեթար ժամանակներ են` արժեզրկված: Պիտի արժեք ունենաս, որ դիմացինի արժեքը գնահատես:
– Ինչո՞ւ է միջազգային մրցանակներ ստացած Մուրադ Ջանիբեկյանն այսօր «սեւ ցուցակում»:
– Իրենց կամպանիաներն են` տարբեր թատրոնների, իրենք մութ տեղ են մնացել, եւ հրավերներ չկան: Ես առանձնապես չեմ էլ ուզում թատրոն գնալ, ուզում եմ կինո նկարահանել, որն ինձ համար ավելի արժեքավոր է, որովհետեւ ինքը մնայուն արժեք է: Ինձ պետք չէ, չեմ էլ մտածում: Ճիշտ է, ինձ համար շատ դժվար է վարձով ապրելը, աշխատավարձ չունենալը… համենայնդեպս, դժվար է: Ես փոխեցի վիճակս, հիմա պիեսներ շատ չեմ կարդում, որովհետեւ էստեղից կտրած, էնտեղից կպցրած․․․ դա արժեք չէ: Ես շատ սիրել եմ աստղաֆիզիկան, որ մեծացնում է մարդու մտահորիզոնը, ինչքան հնարավոր է՝ հետաքրքրվել եմ, նույնիսկ ընկերներիս հետ վրաններով գնում էինք դիմավորելու Նավասարդը, շատ բաներ էլ հենց այդտեղից սովորեցի: Ես զբաղվում եմ նաեւ մի ուրիշ գործով, իմ մեջ միշտ հետաքրքրություն կա՝ մտնել պատմության այնպիսի մութ էջեր, որտեղ գաղտնի են մնացել պատմությունները մարդկությունից: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ ֆանտազիա է տվել, հանկարծ այնպես չլինի, որ նմանակես, վերցնես, իսկ շատերը դա անում են:
– Այսօր Մուրադ Ջանիբեկյանը պետք չէ՞ ոչ ոքի:
– Պարզվում է, որ ոչ: Իմ դեմ ամենալավ պայքարը դեր չտալը, թատրոնից հանելն է: Բայց ես լուրջ բանի տեղ չեմ դնում, ինձ համար դա անողնաշարների դասակարգն է, հիմնականում դրանք են հիմա իշխում, կա այդպիսի բան:
– Այսօր ի՞նչ մակարդակում են մեր թատրոնը, կինոն, ինչպե՞ս պետք է լինեն Ձեր պատկերացմամբ:
– Ես սուտ չեմ խոսում, դա ինձ մոտ ստացվում է 80 տոկոսով, որովհետեւ 100 տոկոս միայն Հիսուսն էր ճշմարիտ: Պահանջ չեմ զգում հիմա` թատրոնի. ավելորդ ներվայնություն, բամբասանք, խոսակցություններ: Իրենք, որ մնացել են, ի՞նչ են անում, եթե անկեղծ խոսենք: Թող իրենք շարունակեն, իսկ ես չեմ ուզում: Իրականում, թատրոնը մեծ արվեստ է, կենդանի, իմպրովիզացիայի մեծ հնարավորություններ կան: Բայց մենք ապրում ենք, հավանաբար, մի դարաշրջան, ժամանակահատված, որտեղ արժեզրկված է ամեն բան: Փորձում են ինչ-որ բաներ անել, ցույց տալ, լավ է, ինչո՞ւ չէ: Բայց ես միշտ մտածել եմ` գնամ ներկայացում նայեմ, որն ինձ համար փառավոր բան է: Թե չէ՝ ուղղակի բարձրանալ բեմ, եւ ռեժիսորն ասի` էստեղից էնտեղ գնա, դա էն չէ, «շկոլա» չէ: Համենայնդեպս, թող իրենք այդպես մնան իրենց գործի մեջ, իսկ ես կարիքը չեմ զգում:
– Այժմ ինչ-որ բան պատրաստո՞ւմ եք, ի՞նչ ներկայացման վրա եք աշխատում:
– Ոչ մի: Ունեմ մտքումս մի բան, որը կամաց պատրաստում եմ, բայց դրա մասին շուտ է խոսելը, որովհետեւ որեւէ հնարավորություն չկա` ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ մեկ այլ, բայց իմ մեջ եփում եմ: Երբ աստղային ժամդ գալիս է, ստացվում է: Երկու ֆիլմ արեցի մենակ`«Համլետը» եւ «Ավելորդը»: Ես շնորհակալ եմ Ռուբեն Ջաղինյանից, որ տեխնիկա տվեց, Հարութ Շատյանից, որ օգնեց, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանից: Իսկ հիմա հնարավորություն չկա, բոլոր ծախսերն արել եմ եւ չունեմ այլեւս միջոցներ: Գրում եմ սցենարներ, բայց գիտեմ, որ դրանց նկարահանումն ահռելի թվեր արժեն, եւ դժվար թե կարողանամ: Մի բան պատրաստում եմ իմ մտքում, որ անեմ, բայց ժամանակ շատ կխլի, որպեսզի տեսնեմ, թե որտեղից կլինի այդ հնարավորությունը:
– Թատրոնից ու կինոյից դուրս ի՞նչ կասեք մեր ժամանակի մասին, որի մեջ ապրում ենք:
– Շատ քչերին է հայտնի, որ 21-րդ դարը համարվում է արմենների եւ գիտության դար։ Դա դրսի ուժերին ձեռք չի տալիս, դրա համար էլ փորձում են ուշադրություն շեղել: Էն անուղեղ ազերիներին փողը տալիս են, զենքը տալիս են, ֆաս, եւ իրենք էլ մթության մեջ սուտ աղոթում են: Որովհետեւ 2006 թվականից սկսվել է այդ դարը` արմենների եւ գիտության, գալու է այդ օրը:
– Մենք կորցրինք Արցախը, նույն վտանգը սպառնում է Հայաստանին, Սյունիքին, եւ դեռ ասում ենք, որ սա մեր դարն է:
– Էդ, որ մենք ազատագրեցինք նույն Արցախը, էն ժամանակ ինչո՞ւ ազերիները ճոռոմ-ճոռոմ չէին խոսում, ձենները կտրած էր: Նրանք վախենում են, որ կարող է նորից գա այդ ժամանակը, դրա համար էլ ոչ ոք չի գալիս այնտեղ ապրելու, վախ կա: Եվ արմենների դարի սկսվելը շատ բան կարող է փոփոխել, նրանք հասկանում են եւ փորձում են հերքել: Բայց միեւնույն է, Տիրոջ հրամանով գալիս է, ամեն ինչ փոփոխական է: Ես գիտեմ եւ նույնիսկ համոզված եմ, որ գալու է այդ դարաշրջանը, նորից ետ վերադարձվի ամեն ինչ: Նորից ոսկե դարաշրջան է սկսվելու` արմենների դարը: Ամենահին քարտեզը, որ գտան, երեք պետություն էր` Բաբելոնը, Ասորեստանը եւ Արմենիան: Հիմա այն երկուսը չկան, մենք ինչի՞ կանք, որովհետեւ Տիրոջ ուղարկածներն ենք: Այս ամենը, ինչը որ արվում է, այս արհավիրքները՝ դրանք ժամանակավոր են, հետո նորից ետ է գալու, ես դա գիտեմ: