Մենք կորցնելու ենք մեր իրավունքները պաշտպանելու վերջին հնարավորությունները. Օսիպյան

Ժամանակ առ ժամանակ ինձ հետ կապվում են տարբեր արցախցիներ՝ իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ սոցիալական խնդիրների լուծման տարբերակներով։ Բայց երբ առաջարկում եմ նրանց նախաձեռնող լինել ու առաջին քայլերն անել, գրեթե միշտ լսում եմ միևնույն պատասխանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի հասարակական գործիչ Արտուր Օսիպյանը․

«Նրանք ասում են. «Ես մերոնց լավ գիտեմ։ Հենց որ հանդես գաս որևէ առաջարկով, իսկույն կսկսվեն բամբասանքներն ու քննարկումները՝ «սա ո՞վ է որ», «Արցախում Բակոյին ու Արայիկին էր աջակցում, իսկ հիմա հանկարծ հիշեց ժողովրդի մասին», և այսպես շարունակ»։

Արդյունքում՝ գաղափարներով լեցուն ու նախաձեռնող մարդիկ հրաժարվում են իրական գործողություններից՝ զուտ բամբասանքների պատճառով։ Ցավոք, այսօր արցախցիներին ամենաշատը խանգարում են հենց իրենք՝ արցախցիները։

Եթե ցանկանում ենք փոխել իրավիճակը, իմ կարծիքով, պետք է սերտենք երկու գլխավոր կանոն.

Կանոն №1. Դադարեցնել բամբասանքները։

Հենց որ ազատվենք այդ սովորությունից, խելամիտ ժամկետներում հնարավոր կլինի լուծել կուտակված բազում հարցեր։

Կանոն №2. Նախաձեռնությունը պետք է բխի շարքային քաղաքացիներից։ Պետք չէ կապվել կոռումպացված կլանների կամ այսպես կոչված ընդդիմության հետ։ Այո՛, նրանք ունեն որոշ ռեսուրսներ, վերահսկվող լրատվամիջոցներ և կարող են օգնել հենց առաջին փուլում, բայց հետո կաշխատի հակառակ էֆեկտը։ Հարցը չի արժանանա լայն հանրության հավանությանը, որովհետև ՀՀ հասարակության մեծամասնությունը չի աջակցում նրանց։ Ի վերջո, նման համագործակցությունը կկործանի կամայական նախաձեռնություն։

Ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ բամբասանքներն ու հին կլանները խեղդեն ցանկացած առողջ նախաձեռնություն, մենք կորցնելու ենք մեր իրավունքները պաշտպանելու վերջին հնարավորությունները։ Ընտրությունը մերն է՝ կա՛մ լռել ու դատապարտվել, կա՛մ գործել՝ ինքնուրույն և անկախ»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *