
«Գուստավ» ռեստորանի մենեջերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական Կոմիտեից։ Քննչական կոմիտեից հայտնում են նաեւ, որ նշված անձը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Հենց դրանով պայմանավորված՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանք և հետախուզում հայտարարելու որոշում։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Տեսախցիկը նկատել էր կին այցելուներից մեկը՝ անձեռոցիկ փնտրելիս, երբ լվացարանի ներքեւի բաց դարակում նկատել էր հեռախոս։ Երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը իր ավելի վաղ հրապարակային արձագանքում նշել է, որ մենեջերն աշխատանքից ազատվել է։ Նշենք, որ «Գուստավ» ռեստորանի մենեջերը 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանն է։