Հայաստանում նախատեսվում է կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․  Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027 թ.-ի հունվարի 1-ից մինչև 2029 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10 000 դրամ) հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները։

Գերատեսչությունը հայտնել է, որ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվել է 572,590 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է շուրջ 8,150 դրամ։

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հիշեցնում է, որ հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով՝ ՊՈՍ-տերմինալներով գործարքներ կատարելու դեպքում։

Նպաստների և կենսաթոշակների հետվճարի մասին

2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների համար գործում է անկանխիկ գնումների և կոմունալ վճարումների դիմաց հետվճարի ծրագիրը։ Կառավարության որոշմամբ՝ ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ի սկզբանե հետվճարը կազմում էր ամսական 10% (ոչ ավելի, քան ամսական 5 հազար դրամ), ավելի ուշ՝ 12% (ոչ ավելի, քան 6 հազար դրամ)։ 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափն ավելացվել է մինչև 20% (ոչ ավելի, քան 10 հազար դրամ)։ Վճարումները կատարվում են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 25-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *