Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես պաշտպանեն իրենց կրոնական համոզմունքները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին։
Ինչպես հայտնում է Tabnak-ը, Թեհրանը հույս ունի, որ այս հարցը հնարավոր կլինի լուծել հանրության և իշխանությունների միջև երկխոսության միջոցով։
«Ադրբեջանի ժողովրդի համոզմունքների և հավատքի պաշտպանությունը մեծ նշանակություն ունի։ Մարդիկ իրենք կարող են որոշել, թե ինչպես իրենց դիրքորոշումը հասցնեն իշխանություններին։ Հույս ունենք, որ մի երկրում, որի հետ լավ հարաբերություններ ունենք, այս հարցը կկարգավորվի փոխըմբռնման միջոցով»,- ասել է Բաղային։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է Իրանի և Ադրբեջանի միջև լավ հարաբերությունները, երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական կապերը։