Ադրբեջանում վերջին օրերին պետական տարբեր պաշտոնյաների հարազատները զանգվածային կիբերհարձակումների են ենթարկվել։ Այս մասին հայտնել է երկրի Կիբերանվտանգության ազգային գործակալությունը։
«Ադրբեջանում վերջին շրջանում նկատվում են կիբերխարդախության զանգվածային փորձեր, որոնց զոհ են դառնում քաղաքացիները, այդ թվում՝ պետական տարբեր պաշտոնյաների հարազատները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ կիբերհանցագործները, կիրառելով տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներն ու սոցիալական ինժեներիայի մեթոդները, այդ թվում՝ հեռախոսահամարների կեղծումը, հոգեբանական ներգործությունը, WhatsApp-ի միջոցով զանգերն ու հաղորդագրությունները, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով ձայնի նմանակումը, փորձում են քաղաքացիների շրջանում խուճապ առաջացնել, խաբել նրանց և հափշտակել նրանց ֆինանսական միջոցները։