Թուրքիայից ապաստան հայցողների յուրաքանչյուր տասներորդ դիմումը բավարարվում է


Աշխարհ


Թուրք միգրանտներին առաջարկում են քննադատել Էրդողանին եւ գումարի դիմաց իրենց դեմ քրեական գործ հարուցել տալ՝ Գերմանիայում ապաստան ստանալու համար, գրում է գերմանական Die Zeit-ը։ Ըստ թերթի՝ մաքսանենգները Թուրքիայի քաղաքացիներին մոտ 6 հազար եվրո արժողությամբ ծառայություն են առաջարկում՝ օգտագործելով մի սխեմա՝ հիմնված նախագահ Էրդողանին վիրավորելու համար պատասխանատվություն ենթադրող օրենքի վրա։

Թերթի տվյալներով՝ հաճախորդներին առաջարկում են սոցիալական ցանցերում Էրդողանի հասցեին քննադատական գրառում հրապարակել։ Դրանից հետո թուրք դատախազները քրեական գործ են հարուցում եւ նույնիսկ կարող են կարգադրել խուզարկություն անցկացնել կասկածյալի տանը։ Հետաքննության մասին տեղեկությունները հետագայում հայտնվում են Թուրքիայի արդարադատության նախարարության Uyap առցանց տվյալների բազայում։

Նման ծառայությունների գովազդը տեղադրված է TikTok-ում, Telegram-ում եւ այլ սոցիալական ցանցերում։ Միջնորդներից մեկը, որի հետ կապ է հաստատել Die Zeit-ը, 800 եվրոյի դիմաց առաջարկել է կազմակերպել քրեական հետաքննություն, տան խուզարկություն եւ մեղադրանք առաջադրել։ Նա խոստացել է, որ «դրանով կարելի է ապաստան ստանալ ցանկացած վայրում»։

Այլ միջնորդներ զգուշացրել են, որ Էրդողանին վիրավորելուց հետո կարող է խնդիրներ առաջանալ, եթե ապաստան հայցողը հետագայում ցանկանա վերադառնալ հայրենիք։

Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, որը նախատեսում է մինչեւ չորս տարվա ազատազրկում, նախկինում հազվադեպ էր կիրառվում, սակայն վերջին տարիներին նման գործերի թիվը կտրուկ աճել է։

Գերմանիայի իշխանությունների տվյալներով՝ ներկայումս Թուրքիայից ապաստան հայցողների յուրաքանչյուր տասներորդ դիմումը բավարարվում է։

Գերմանիայում ապաստան հայցողների թվով Թուրքիայի քաղաքացիները երրորդ տեղում են սիրիացիներից եւ աֆղաններից հետո։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *