Կվերանայվեն մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշերի գները․ նոր նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրվել ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ, որով առաջարկվում է վերանայել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշերի հատկացման գները։

Փոփոխությունների անհրաժեշտությունը ծագել է ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1503-Ն որոշումից հետո, որով ընդլայնվել էին մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները։ Նոր կարգավորումներով ցանկում ներառվել են նաև «0» թվերը, տարբեր թվերի ու տառերի նոր համադրությունները, ինչպես նաև «XYZ» ձևաչափի համարանիշերը՝ արձագանքելով քաղաքացիների հետաքրքրվածությանը։

BanksNews.am-ը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի հատկացման գները, կախված թվային և տառային համակցություններից, սահմանել 100 000 կամ 250 000 ՀՀ դրամ։ Միաժամանակ, գնային համակարգում համաչափություն ապահովելու նպատակով, առաջարկվում է գործող կարգավորմամբ 1 000 000 դրամ արժողությամբ համարանիշերի երեք համադրությունների գները նվազեցնել մինչև 600 000 դրամ։

Ներքին գործերի նախարարության մշակած նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիարժեք իրավական հնարավորություն ընձեռել քաղաքացիներին և իրավաբանական անձանց ձեռք բերելու նոր չափորոշիչներով համարանիշերը, ինչպես նաև էականորեն ավելացնել պետական բյուջեի եկամուտները։ Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի «Արդյունավետ և հաշվետու կառավարում» մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *