Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում հայտնի «Բենզինների խաչմերուկում» վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է։
Արամ Հ.-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Տ. Մ.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն։
Համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տ. Մ.-ն և Ա․ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։