ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ արտաքին քաղաքականության հարցերում անհրաժեշտ է ավելի հասուն մոտեցում ցուցաբերել՝ ընդգծելով, որ աշխարհի երեք ամենահզոր միջուկային տերությունների ղեկավարների միջև հաղորդակցությունը միանգամայն բնական է։
«Մարդիկ պետք է արտաքին քաղաքականության հարցերում մի փոքր ավելի հասուն մոտեցում ցուցաբերեն։ Անկեղծ ասած՝ արտասովոր ոչինչ չկա նրանում, որ Երկրի երեք ամենահզոր միջուկային տերությունների ղեկավարները հաղորդակցվում են միմյանց հետ»,- ասել է Ռուբիոն։
Նա քննադատել է այն տեսակետը, թե հակառակորդ պետությունների հետ բանակցելը նշանակում է նրանց պարգևատրել։ «Հեռուստատեսությամբ լսում եմ մարդկանց, որոնք ասում են՝ «Դուք այսինչին պարգևատրում եք՝ նրա հետ խոսելով»։ Դա անհեթեթություն է»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն, որպես օրինակ, ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է բանակցել երկու կողմերի հետ։ «Ինչպե՞ս եք պատրաստվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության հասնել, եթե չեք խոսում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Պետք է բանակցել նրանց հետ, ճի՞շտ է»,- ասել է նա։