Ցանկացած սահմանափակում որոշվում է զինվորականների եւ ԱՄՆ նախագահի կողմից


Աշխարհ


SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հրահանգել է դանդաղեցնել Starlink-ի մասնագիտացված ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքը Ուկրաինայի համար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թերթի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Իլոն Մասկը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Starshield-ի աշխատանքի դանդաղեցման հարցը քննարկել են, երբ այդ մասին տեղեկությունը հրապարակային է դարձել։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Մասկն ու Թրամփը այդ հարցը քննարկել են մինչեւ արագությունը սահմանափակելու որոշման ընդունումը։

Ավելի վաղ՝ Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը դժգոհություն էին հայտնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարվածների կապակցությամբ։ ԱՄՆ նախագահը նման հարվածներով է պայմանավորում աշխարհում էներգակիրների գների աճը։

Կապի արագության սահմանափակումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 14-ից։ Ինչպես նշում է WSJ-ն, դրա հետեւանքով ուկրաինական որոշ հարվածային անօդաչու թռչող սարքեր եւ անօդաչու որսացող սարքեր գործնականում անօգուտ են դարձել։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կապի սահմանափակման վերաբերյալ հրահանգներ չի տվել։ Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ցանկացած սահմանափակում որոշվում է զինվորականների եւ ԱՄՆ նախագահի կողմից։

Անցած շաբաթ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Starshield-ի աշխատանքը սահմանափակելու հրամանը ստացվել է Սպիտակ տնից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *